Տիրան Խաչատրյանը 2 ամսով կալանավորվել է

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը բավարարեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ երկամսյա կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը։ Այս մասին հայտնում է փաստաբան Վարազդատ Հարությունյան։

«Դատավոր Գագիկ Պողոսյանը 2 ամսով կալանավորեց գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին»,- գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով։

Հիշեցնենք, որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալը ձերբակալվել է՝ Արամուս գյուղի տարածքում գործող ռեստորանում արձանագրված միջադեպի գործով։ Տեղի ունեցած վիճաբանության մասին ահազանգը ստացվել է հունվարի 11-ին՝ ժամը 23.00-ին։ ժամը 23.39-ին «Աբովյան» ԲԿ-ից հաղորդում էր ստացվել, որ Արամուս գյուղից «աջ դաստակի սալջարդ, պատռած վերք սալի ջլերի վնասումով» ախտորոշմամբ շտապօգնության խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 1977թ ծնված մի տղամարդու։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել էին Աբովյանի քննչական բաժին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար:

Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (Խուլիգանությունը, որն իրականացվել է մի խումբ անձանց կողմից, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով), 335-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն կրելու) և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (զենքի գործադրմամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը)։ Կրակոցների հետևանքով տուժած անձն արդեն տուժող է ճանաչվել։

ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը բերման է ենթարկվել Ջրվեժից, անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է CZ-75 տիպի մարտական ատրճանակ` 16 փամփուշտ փամփշտակալում, մեկ փամփուշտ էլ փողում: