Ինչ է ԲՐԻԿՍ-ը և ինչ է առաջարկում աշխարհին

2024 թվականի հունվարի 1-ին ԲՐԻԿՍ-ի կազմում ընդգրկվել է նաև մեր հարևան և բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Ասել է թե՝ ԲՐԻԿՍ-ը հասել է Սյունիք։ Իսկ ինչ է իրենից ներկայացնում ԲՐԻԿՍը, և ինչ է նա առաջարկում աշխարհին, հետևաբար՝  տարածաշրջանին ու Հայաստանին։

ԲՐԻԿՍ-ը (անգլ.՝ BRICS-Brazil, Russia, India, China, South Africa), խոշոր զարգացող տնտեսություն ունեցող երկրների՝ Ռուսաստանի, Բրազիլիայի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) համագործակցության միջպետական ոչ պաշտոնական ինստիտուտ է։ Վերջին տարիներին ԲՐԻԿՍ-ը ձգտում է ընդլայնել իր ազդեցությունը նոր երկրների անդամակցության միջոցով: Արդյո՞ք դրանից հետո միության անունը կփոխվի, դեռ հայտնի չէ։

Պարզ ասած, ԲՐԻԿՍ-ը համընկնող շահեր ունեցող հինգ երկրների միություն է: Յուրօրինակ ռազմավարական գործընկերություն քաղաքականության, տնտեսության և անվտանգության ոլորտներում: Հիմնականում ԲՐԻԿՍ-ի երկրների միջև հարաբերությունները կառուցվում են չմիջամտելու, հավասարության և փոխշահավետության հիման վրա:

Միության տվյալների համաձայն՝ 2018 թվականին միության մասնակից երկրներին բաժին էր ընկնում ամբողջ համաշխարհային ՀՆԱ-ի մինչև մեկ երրորդը, իսկ նրանց տարածքում բնակվում էր համաշխարհային բնակչության 42%-ը։

Ամեն տարի ԲՐԻԿՍ-ի ներկայացուցիչները հարյուրից ավելի հանդիպումներ են անցկացնում։ Դրանցից ամենակարևորը և նշանակալիը ամենամյա գագաթաժողովն է։

Որ երկրներն են ներկայումս ընդգրկված ԲՐԻԿՍ-ում

Երբ մենք խոսում ենք ԲՐԻԿՍ-ի մասին, մենք խոսում ենք այն երկրների մասին, որոնք ծանրակշիռ դիրքեր ունեն ինչպես իրենց տարածաշրջաններում, այնպես էլ ամբողջ աշխարհում:

Ռուսաստանը աշխարհի խոշորագույն պետությունն է և պատմականորեն հզոր  գերտերություն, որը միջուկային ակումբի անդամ է և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, ունի օգտակար հանածոների հարուստ պաշարներ (մասնավորապես՝ ածխաջրածինների պաշարներ):

Բրազիլիան Հարավային Ամերիկայի ամենամեծ պետությունն է՝ զարգացած գյուղատնտեսությամբ:

Հնդկաստանը և Չինաստանը աշխարհում միակ երկրներն են, որոնց բնակչությունը գերազանցում է մեկ միլիարդը (այսինքն՝ հսկայական քանակությամբ աշխատուժ) և գտնվում են աշխարհի առաջատար տնտեսությունների լավագույն 3-ում:

Հարավային Աֆրիկան առավել զարգացած աֆրիկյան երկիր է, որը արդյունահանում է ոսկի և ադամանդներ:

Որ երկրներն են միացել ԲՐԻԿՍին 2024 թվականին

Յոհանեսբուրգում կայացած գագաթնաժողովում ԲՐԻԿՍ-ի գործող անդամների ղեկավարները համաձայնել են միավորման մեջ մտնող երկրների թիվը 5-ից հասցնել 11-ի: Այս մասին տեղեկացնում է Bloomberg-ը:

2024 թվականի հունվարի 1-ին ԲՐԻԿՍ-ի նորացված կազմում ընդգրկվել են Եգիպտոսը, Եթովպիան,  Իրանը, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները:

Նրանց անդամակցությունը պաշտոնապես սկսվել է 2024 թվականի հունվարի 1-ին։ 2023 թվականին ԲՐԻԿՍ-ին միանալու ցանկություն են հայտնել Թուրքիան, Վենեսուելան, Բանգլադեշը, Բելառուսը, Ալժիրը, Ինդոնեզիան, Նիգերիան և այլք, սակայն նրանց անդամակցության հարցը դեռ որոշված չէ։

Ընդհանուր առմամբ, ԲՐԻԿՍ-ը առաջ է մղում բազմաբևեռ աշխարհի գաղափարախոսությունը, որն ավելի հավասարակշռված է և հիմնված է բազմակողմ համաձայնագրերի սկզբունքի վրա։

ԲՐԻԿՍի դերը միջազգային ասպարեզում

Այժմ ԲՐԻԿՍ-ը փաստացի հակադրվում է G7 ձևաչափին (Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա, Մեծ Բրիտանիա և ԱՄՆ) և, ընդհանուր առմամբ, արդեն ավելի մեծ ներդրում ունի համաշխարհային ՀՆԱ-ում, քան դաշինքի զարգացած երկրները:

Բրիտանական Acorn Macro Consulting ընկերության տվյալների համաձայն, ԲՐԻԿՍ միությունը 2023 թվականին ապահովել է համաշխարհային ՀՆԱ-ի 31,5%-ը, մինչդեռ G7-ի մասնաբաժինը համաշխարհային տնտեսությունում նվազել է մինչև 30%-ով: Հաշվի առնելով նոր երկրների միացումը մինչև 2030 թվականը, ԲՐԻԿՍ-ը կարող է դուրս գալ համաշխարհային ՀՆԱ-ի 50%:

Ավելին, այդ միությունների ձևաչափերը կառուցվածքային և գաղափարապես ուղիղ հակադիր են։ G7-ը ներկայացնում է ԱՄՆ հեգեմոն երկիրը և վեց երկրներ, որոնք, ըստ էության, ճանաչում են Միացյալ Նահանգների գերակայությունը և սպասարկում նրանց տնտեսական և քաղաքական շահերը: ԲՐԻԿՍ-ը կառուցված է սեփական ազգային շահեր ունեցող երկրների փոխադարձ հավասարության սկզբունքի հենքին։

Չնայած դաշինքների ուղղակի հայտարարված դիմակայություն չկա, G7-ի երկրները փորձում են արգելակել ԲՐԻԿՍ-ի երկրների զարգացումը պատժամիջոցներով և առևտրային սահմանափակումներով: Սա հանգեցնում է համաշխարհային տնտեսության բաժանմանը առանձին գոտիների և «չմիացածների» համար պայքարի սրման։

ԲՐԻԿՍ-ը փորձում է հասնել ավելի մեծ ներկայացվածության միջազգային տարբեր կառույցներում, ինչպիսիք են ՄԱԿ-ը, Համաշխարհային բանկը, ԱՄՀ-ն և ԱՀԿ-ն (Առևտրի համաշխարհային կազմակերպություն): Կազմակերպությունը իրեն ներկայացնում է որպես միջազգային հարաբերությունների բարեփոխող և համաշխարհային մասշտաբի նախագիծ:

Միության անդամներն աջակցում են միմյանց. մինչ արևմտյան երկրները խստորեն դատապարտում էին հատուկ գործողություն սկսելու Ռուսաստանի որոշումը, ԲՐԻԿՍ -ի երկրները ընդգծված չեզոքություն դրսևորեցին։

ԲՐԻԿՍ-ը թվերով՝ 2023 թվականին

Մոլորակի բնակչության 42%-ը,

Հողի մակերեսի 30%-ը,

Համաշխարհային ազգային արտադրանքի 18%-ը,

Համաշխարհային առևտրի 15%-ը,

Համաշխարհային ՀՆԱ-ի 25%-ը գնողունակության հավասարության առումով,

Աշխարհում արտադրվող էլեկտրաէներգիայի 29%-ը:

ԲՐԻԿՍի ընդլայնման դրական հետևանքները Ռուսաստանի և Իրանի համար

ԲՐԻԿՍ-ին նոր անդամների միանալը, ներառյալ Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն, թույլ կտա Ռուսաստանին և Իրանին ուշադրություն չդարձնել Արևմուտքի պատժամիջոցներին: Բացի այդ, կկրճատվի պետությունների կախվածությունը դոլարից։

«ԲՐԻԿՍ-ի մեծացումը լուրջ սպառնալիք չի դառնա Արևմուտքի համար, բայց դա կօգնի նվազեցնել նրա ազդեցությունը Ռուսաստանի կամ Իրանի վրա, և հաշվի առնելով Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունները, դա քիչ չէ», – գրում է Bloomberg-ը:

Գործակալությունը նշում է, որ հունվարի 1-ից Եթովպիայի, Եգիպտոսի, Իրանի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների հաշվին ընդլայնված դաշինքը կարող է իր արդյունավետությունը ցույց տալ մի շարք ոլորտներում: Դրանցից մեկը ենթակառուցվածքների ֆինանսավորումն է։ Գործակալության տվյալներով՝ ԲՐԻԿՍի Զարգացման նոր բանկը (ԶՆԲ) հույս ունի ավելացնել կապիտալի ներհոսքը նոր մասնակիցների ընդունմամբ։ Միևնույն ժամանակ, Զարգացման նոր բանկը (ԶՆԲ)  իրականացնում է նախագծեր՝ առանց դոլարի հետ կապելու, և վարկերի գրեթե մեկ քառորդը բանկը տրամադրում է տեղական արժույթով:

Այս տարի ԲՐԻԿՍ-ում նախագահում է Ռուսաստանը։

ԲՐԻԿՍ զարգացման նոր բանկ

Զարգացման նոր բանկ (ԶՆԲ), միջազգային ֆինանսական կազմակերպություն, զարգացման բանկ, որը ստեղծվել է ԲՐԻԿՍ-ի անդամ երկների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավային Աֆրիկա) կողմից։ Բանկի գործունեության նպատակն է ֆինանսավորել ենթակառուցվածքային նախագծերը և կայուն զարգացման նախագծերը ԲՐԻԿՍ և զարգացող երկրներում։ Բանկի գլխամասային գրասենյակը գտնվում է Շանհայում։

Նյութը թարգմանեց և պատրաստեց LIVEnews.am