Իրանին ամեն կերպ փորձում են ներքաշել կռվի մեջ, հաջորդ նման փորձը կարող է լինել նաև Սյունիքում

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Նոր պատերազմ Մերձավոր Արևելքում:

Գիշերը ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի համատեղ ուժերը ռազմական գործողություն են սկսել Եմենի դեմ:

Հիմա ամենաէական հարցը այն է, թե ինչքանով սա կդրդի Եմենի հուսիտների կառավարության ետևում կանգնած Իրանին ուղիղ ներգրավվել պատերազմի մեջ:

Իրանին ամեն կերպ փորձում են ներքաշել կռվի մեջ: Հաջորդ նման փորձը կարող է լինել նաև Սյունիքում»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը հարվածներ են հասցրել Եմենի «Անսար Ալլահ» (հուսիներ) ապստամբական շարժման օբյեկտներին: ԱՄՆ ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ Եմենում 16 օբյեկտների ուղղությամբ արձակել են ավելի քան 100 հրթիռ՝ խոցելով ավելի քան 60 թիրախ:

Հուսիների ղեկավարության ներկայացուցիչ Աբդուլլահ բեն Ամերը Al Jazeera հեռուստաալիքին իր հերթին հայտնել է, որ շարժումը կհարվածի տարածաշրջանում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի բազաներին, եթե այդ երկու երկրներն ընդլայնեն ռազմական գործողությունների մասշտաբները:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Արևմտյան պետությունների ներկայացուցիչների հայտարարությունների համաձայն՝ խոցվել են հութիների հրթիռների, անօդաչու թռչող սարքերի տեղակայման վայրերը և ռադիոտեղորոշիչ կայանները։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։

Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ է խնդրել՝ կապված Եմենի ուղղությամբ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարձակման հետ: Այդ մասին ասվում է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ։