Մենք ցանկանում ենք Հայաստանի հետ ունենալ երկարաժամկետ ռազմավարական հարաբերություններ․ Իրանի դեսպան

Հայաստանի և հայ ժողովրդի համար առանձնակի նշանակություն ունեն բազմադարյա պատմություն ունեցող և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-իրանական ջերմ հարաբերությունները, որոնք այսօր էլ դինամիկ զարգանում են. ողջունելով Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին խորհրդարանում՝ ասել է ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գևորգ Պապոյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։

Անդրադառնալով երկկողմ փոխգործակցությանը, որն ընդգրկում է տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, բարձր տեխնոլոգիական և բազմաթիվ այլ ոլորտներ՝ Գևորգ Պապոյանն ընդգծել է երկկողմ առևտրաշրջանառության ծավալներն ավելացնելուն ուղղված ջանքերը: Բարեկամական խմբի ղեկավարը կարևոր ձեռքբերում է համարել «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի երկարաձգումը՝ համոզմունք հայտնելով, որ համատեղ քայլերի արդյունքում առաջիկայում շոշափելի առաջընթաց կարձանագրվի:

Խոսելով ենթակառուցվածքային կարևոր նշանակության թեմաների մասին` Գևորգ Պապոյանն ընդգծել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի և Պարսից ծոցը Սև ծովին կապող միջազգային տրանսպորտային երթուղիների լիարժեք գործարկման անհրաժեշտությունը: Նա կարևորել է Ագարակ-Քաջարան 32 կմ ճանապարհահատվածի շինարարության աշխատանքներում Սյունիքի մարզում իրանական ընկերությունների ներգրավումը: Որպես խորհրդարանական և Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար՝ Գևորգ Պապոյանն ընդգծել է միջխորհրդարանական կապերի դերը փոխշահավետ համագործակցության հիմքերի ամրապնդման գործում: Նրա խոսքով խորհրդարանական տարբեր ձևաչափով հարթակները երկկողմ հետաքրքրություն ունեցող բազմաթիվ  հարցեր քննարկելու հնարավորություն են ընձեռում:

Գևորգ Պապոյանը խոսել է նաև Իրանում ապրող և ստեղծագործող հայ համայնքի մասին, որն ակտիվորեն մասնակցում է երկրի հասարակական-քաղաքական կյանքին: Նա նշել է, որ Հայաստանի համար Իրանը եղել և մնում է առանձնահատուկ գործընկեր, որը հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ու ամրապնդմանը:

«Հայաստանն այսօր գտնվում է պատմության զգայուն ոլորաններում»,- ասել է Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և խոսքերի համար: Նա ընդգծել է տնտեսական համագործակցության առաջնահերթությունը՝ նշելով, որ քաղաքական հարաբերությունները պետք է հարթեն տնտեսական հարաբերությունների ճանապարհը: Դեսպանը կարևորել է ենթակառուցվածքների ճիշտ գործարկումը:

Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային խնդիրներին, «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Գևորգ Պապոյանը շեշտել է, որ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների լիարժեք շահագործման հարցում Հայաստանի և Իրանի որդեգրած քաղաքականությունն ու մոտեցումները հիմնականում համահունչ են: Այս առումով նա կարևորել է ԻԻՀ հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության, սահմանների անքակտելիության, ինքնիշխանության հարցում: «Համոզված եմ, որ համատեղ ջանքերի արդյունքում ի զորու կլինենք մոտ ապագայում ամրապնդել մեր միջպետական համագործակցությունը՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների բարեկեցության և տարածաշրջանային կայունության ամրապնդման»,- նշել է Գևորգ Պապոյանը:

«Մենք ցանկանում ենք Հայաստանի հետ ունենալ երկարաժամկետ ռազմավարական հարաբերություններ»,- նշել է դեսպան Մեհդի Սոբհանին:

Հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 11-ին, որին մասնակցել են բարեկամական խմբի անդամներ, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Ռուստամ Բաքոյանը, Կարեն Համբարձումյանը, Մարիամ Պողոսյանը, Նարեկ Բաբայանը և Դավիթ Դանիելյանը,  ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամներ Գեղամ Նազարյանը, Քրիստինա Վարդանյանը և Իրինա Գասպարյանը:

Բարեկամական խմբի անդամները ևս կարևորել են Իրանի հետ հարաբերությունների զարգացման և խորացման անհրաժեշտությունը: Քննարկվել են երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը, գյուղատնտեսության, էներգետիկայի, կրթության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: