Մոլդովայի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանում Մոլդովայի դեսպան Լիլիան Դարիուսը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն։ Նրան խիստ բողոք է ներկայացվել՝ կապված պաշտոնական Քիշնևի ոչ բարեկամական գործողությունների հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Նշվում է, որ արձանագրվել է ռուսական և ռուսալեզու լրատվամիջոցների քաղաքական դրդապատճառներով հետապնդումների փաստեր, որոնք հակասում են խոսքի ազատության և լրագրողների իրավունքների պաշտպանության ոլորտում Քիշնևի միջազգային պարտավորություններին։ «Մոլդովա մուտք գործող ՌԴ քաղաքացիների նկատմամբ խտրականության դեպքերը դարձել են համակարգային, Մոլդովայի ղեկավարությունը շարունակում է հակառուսական բնույթի ագրեսիվ հայտարարություններ անել»,-ասված է հաղորդագրության մեջ, որտեղ նշվում է նաև, որ դեսպանին զեկուցվել է մոլդովացի մի շարք պաշտոնյաների մուտքը Ռուսաստան արգելելու որոշման մասին։

Մոսկվան նաև մտահոգություն է հայտնել Մոլդովայի տարածքում ՆԱՏՕ-ի երկրների հրահանգիչների մասնակցությամբ Ուկրաինայի Զինված ուժերի զինծառայողների վերապատրաստման մասին տեղեկությունների կապակցությամբ:

«Նման աջակցությունն անընդունելի է, այն հանգեցնում է Մոլդովայի չեզոք կարգավիճակի քայքայմանը և Կիևի ռեժիմի կողմից ռազմական գործողություններին նրա անմիջական մասնակցությանը»,-ասված է հաղորդագրության մեջ։