Լիտվայում ՀՀ դեսպանն ու Սեյմասի խոսնակն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին

Լիտվայում ՀՀ դեսպան Արա Մարգարյանին ընդունել է Լիտվայի Սեյմասի խոսնակ Վիկտորիա Չմիլիտե-Նիլսենը։ Այս մասին հայտնում են Լիտվայում ՀՀ դեսպանությունից:

«Վերջինս շնորհավորեց դեսպանին նշանակման կապակցությամբ ու հավաստեց իր պատրաստակամությունը՝ սատարելու հայ-լիտվական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանն ու սերտացմանը։ Այս հարցում խոսնակ Չմիլիտե-Նիլսենը հատուկ կարևորեց միջխորհրդարանական հարաբերությունների դերակատարությունը։

Դեսպան Մարգարյանը, իր հերթին, շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար։ Նա մանրամասն անդրադարձավ հայ-լիտվական հարաբերությունների վերջին զարգացումներին՝ կարևորելով 2023 թվականը, որպես քաղաքական երկխոսության ու երկկողմ բարձրաստիճան այցերի տեսանկյունից բացառիկ տարի։ Դեսպանը վերահաստատեց ՀՀ կառավարության հանձնառությունը՝ ավելի ակտիվացնելու ու խորացնելու թե՛ երկկողմ և թե՛ ԵՄ հետ գործընկերական ու ռազմավարական կապերը։

Դեսպան Մարգարյանն իր երախտագիտությունը հայտնեց Լիտվայի իշխանություններին՝ ճակատագրական ու մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում Հայաստանին սատար կանգնելու և ՀՀ կառավարության արմատական բարեփոխումների և խաղաղության օրակարգերին աջակցության համար։

Կողմերն անդրադարձան նաև տարածաշրջանային զարգացումներին և Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին։ Այս համատեքստում հատուկ ընդգծվեց Հայաստանում ԵՄ առաքելության (EUMA) դերակատարությունը։

Հանդիպման վերջում Սեյմասի խոսնակը հույս հայտնեց մոտ ապագայում Վիլնյուսում հյուրընկալելու իր հայ գործընկերոջը»,- ասված է գրառման մեջ։