Հայաստանը պնդում է, որ առաջին հերթին բանակցությունների բովանդակությունն է կարևոր․ Սարգիս Խանդանյան

Հայաստանն ուզում է, որ բանակցություններն արդյունավետություն ունենան և այն ողջ տրամաբանությունը, որ բանակցային գործընթացի ընթացքում ձևավորվել է և եղել են համաձայնություններ, դրանք արտահայտվեն խաղաղության համաձայնագրում, և նաև Ադրբեջանը դրանք հրապարակայնորեն վերահաստատի: Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով նրան, թե Ադրբեջանն առաջարկում է, որ բանակցություններն ընթանան երկկողմ ձևաչափով:

«Հայաստանը պնդում է, որ առաջին հերթին բանակցությունների բովանդակությունն է կարևոր: Ինչ վերաբերում է բանակցությունների ֆորմատին, մենք իհարկե կարևորում ենք, որ այն ֆորմատները, որոնք արդեն իսկ ձևավորված են, մասնավորապես, ԱԳ նախարարների մակարդակով բանակցություններ տեղի ունեցան Վաշինգտոնում, երկրների ղեկավարների մակարդակով բանակցությունները ԵՄ հարթակում, դրանք շարունակական լինեն: Դրանք որոշակիորեն միջազգային հեղինակություն են հաղորդում բանակցություններին, ավելի լեգիտիմ են դարձնում բանակցությունները, և նաև ռիսկերը ավելի կառավարելի են դարձնում: