Ամաչում եմ տնից դուրս գալ, մեզ դրել են անպատիվ վիճակի մեջ․ ատեստացիա չանցած մանկավարժները բողոքի ակցիա են իրականացնում

Ատեստացիա չանցած մանկավարժները բողոքի ակցիա են իրականացնում ԿԳՄՍՆ-ի դիմաց։

«ԿԳՄՍ-ն այս օրենքն ընդունել է 2012 թվականին, իսկ ես աշխատանքի եմ ընդունվել 1998 թվականին և այն կարող էր իմ վրա չտարածվել, մանավանդ, որ ինձ աշխատանքի են ընդունել որպես միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի ուսուցչուհին՝ հավելելով, որ երբ 2012-ին ընդունվել է այս հրամանը, բնականաբար իրենք չեն կարողացել ստանալ բարձրագույն կրթություն՝ հաշվի առնելով ընտանեկան կարգավիճակը, պետությունը մեզ ոչնչով չի օգնել։

«Մեր երեխաները զինվոր են եղել, հայրենիք են պաշտպանել, մենք մնացել ենք այս երկրում։ 2018-ին հինգ տարով երկարացրել են ժամկետը, 2023-ին լրացել է, կարող էին երկարացնել ժամկետը՝ հաշվի առնելով մեր ընտանեկան վիճակը, կարող էին 55-ից բարձր ուսուցիչներին թույլ տալ առանց որևէ նախապայմանի շարունակել իրենց աշխատանքը։ Այսօրվա դրությամբ զրոյացրել են մեր ամբողջ աշխատանքը ու մեզ դրել անպատիվ վիճակի մեջ։ Ես գյուղում ապրող ուսուցիչ եմ, այնքան ինձ վատ եմ զգում, որ ասում են՝ անգրագետ է, գնացել է, չի կարողացել անցնել, գործից ազատել են։ Ես այնքան վիրավորված եմ կառավարությունից, մենք ընտրեցինք, որ մեզ նման հայրենասեր, նվիրված մարդկանց այսպիսի վերաբերմո՞ւնք ցույց տան, ինչ անենք, մտածենք, որ գնացողները ավելի ճի՞շտ են եղել»,- ասաց նա։

Մանկավարժներից մեկն էլ նշեց, որ ամաչում է տնից դուրս գալ։

«34 տարի աշխատել եմ, աշակերտներս ընդունվել են բարձրագույն, երեք երեխա ունեմ, երեքին էլ կրթություն եմ տվել, այսօր ես ամաչում եմ տնից դուրս գալ, որովհետև աշակերտը կարող է  ինձ բարևել, ես չկարողանամ իր բարևին պատասխանել»,- ասաց նա։