Հունվարի վերջին սպասվում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովների ևս մեկ հանդիպում

Հունվարի 4-ին հայկական կողմը պատասխանել է ադրբեջանական կողմի՝ «խաղաղության պայմանագրի» շուրջ առաջարկներին։ Այդ մասին Հանրային Հ/Ը-ի «Հարցազրույցում» ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Բաքվի կողմից դեռ պատասխան չկա։

«Դրական դինամիկա կա, սակայն կան հարցեր, որտեղ առաջընթաց չենք գրանցել, խաղաղության պայմանագրի տեքստում որոշակի հետընթացներ ենք տեսել։ Ակնկալում ենք՝ բանակցությունների միջոցով հնարավորինս շուտ վերջնականացնել խաղաղության պայմանագիրը։

Բանակցությունների սեղանին այն ինչ կա և այն, ինչ Հայաստանն առաջարկում է, Հայաստանի համար ստեղծվում են անվտանգության երաշխիքներ։

Հունվարի վերջին համաձայնություն կա, որպեսզի դելիմիտացիայի հանձնաժողովները հանդիպեն»,- նշել է ԱԽ քարտուղարը։

Հիշեցնենք՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել նոյեմբերի 30-ին՝ Տավուշի սահմանին։