Մարտունուց Հայոց բանակ մեկնող նորակոչիկները ստացան քահանաների օրհնությունը

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից Հայոց բանակ ճանապարհվեցին 2024 թվականի ձմեռային զորակոչի առաջին խմբի նորակոչիկները։

Գեղարքունիքի մարզպետարանից հայտնում են, որ Մարտունի համայնքի նորակոչիկներին ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումից զինվորական ծառայության ճանապարհեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման պետ Գևորգ Մխեյանը, Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողներ և հարազատներ։

Նորակոչիկներին շնորհավորանքի ու քաջալերանքի խոսք ուղղեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

«Սիրելի նորակոչիկներ, նախ թույլ տվեք շնորհավորել ձեզ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ ու միաժամանակ այս ուրախ ու նշանակալի օրվա առիթով, քանի որ բոլորիդ բախտ է վիճակվել՝ հպարտորեն կրելու Հայոց բանակի զինվորի համազգեստը, լինելու մեր հայրենիքի սահմանների արթուն պահապանները։

Այո, մեր հայրենիքը հիմա առաջնագծում առավել քան զգում է խելացի, կիրթ, գրագետ, բանիմաց, քաջ ու անձնուրաց զինվորի կարիքը։ Իսկ ես միանգամայն վստահ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը կամքով ու հոգեբանորեն պատրաստ է՝ բարեխղճորեն ու պարտաճանաչորեն կատարելու իր պարտքը, բարձր պահելու իր հայրենիքի, ընտանիքի, զորամասի, հրամանատարների, վերջապես՝ հայ զինվորի պատիվը։

Իմ հորդորն ու խրատն է ձեզ՝ զինվորական ծառայության մեջ լինել աչալուրջ ու ընկերասեր, պարտաճանաչ, հարգել ու միշտ կատարել հրամանատարների հրամանները, տիրապետել զինվորական գործին, չընկճվել ոչ մի դժվարության առաջ։ Նաև շատ կարևոր է, որ ձեր ծնողները, ընտանիքի անդամները միշտ տեղեկանան միայն ձեր ձեռքբերումների, ձեր արիության ու պարտաճանաչ ծառայության մասին։

Մաղթում եմ խաղաղ ու անվտանգ ծառայություն ու սրտանց ցանկանում, որ երկու տարի անց այս նույն կազմով, առողջ, հպարտ ու հասուն տղամարդկանց պես վերադառնաք ձեր ընտանիքներ»,-նորակոչիկներին դիմեց Կարեն Սարգսյանը։

Այնուհետ նորակոչիկներն իրենց ծնողների, հարազատների, պաշտոնյաների ուղեկցությամբ այցելեցին Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղ ստացան հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգևոր հովիվներ Տեր Գևորգ քահանա Բարսեղյանի և Տեր Երեմիա քահանա Սարգսյանի օրհնությունը։

Ձմեռային զորակոչը Գեղարքունիքի մարզում կշարունակվի մինչև 2024 թվականի հունվար ամսի վերջերը։