Այս շատ հակասական իրավիճակում շատ կարևոր է թացը չորից տարբերել․ Կոպիրկինը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին

Հայ-ռուսական հարաբերություններում առկա իրավիճակը բնութագրվում է ուժեղ հուզական ֆոնով, բայց կարևոր է թացը չորից տարբերել և չտրվել այդ էմոցիաներին։  Այդ մասին Հանրային Հ/Ը-ի «Հարցազրույցում» ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը` ՝ մեկնաբանելով «Sputnik Արմենիա» ռադիոկայանի շուրջ ստեղծված իրավիճակը։

Նա ընդգծեց, որ կարող են լինել էմոցիոնալ պոռթկումներ, առանձին անհատների հայտարարություններ, կարող են լինել անձնական գնահատականներ, որոնք չեն նպաստում երկկողմ հարաբերությունների առողջացմանը։ Դիվանագետը, սակայն կարծում է, որ պետք չէ դրանց չափազանց մեծ նշանակություն տալ։ Անհրաժեշտ է հստակ առանձնացնել մարդկանց անձնական կարծիքը, որը կարող է լինել հուզական և, հնարավոր է` անհավասարակշիռ։

«Դուք ոչ մի օրինակ չեք գտնի, որ Ռուսաստանի նախագահը, նրա մամուլի քարտուղարը թեկուզ ինչ-որ ոչ կոռեկտ, ոչ կառուցողական որակումներ թույլ տված լինեն Հայաստանի ղեկավարության նկատմամբ։ Ես կարծում եմ, որ մենք, այնուամենայնիվ, պետք է առաջնորդվենք դրանով»,- նշել է դիվանագետը։

«Կան որոշակի մտահոգություններ, թյուրիմացություններ։ Դա, բնականաբար, վատ է, բայց դա այն բանի հետևանքն է, որ մարդկային բաղադրիչը շատ ուժեղ է արտահայտված հարաբերություններում: Մարդկային գործոնն առավելություն է, բայց երբեմն նման իրավիճակներում կարող է այսպիսի զգացմունքային պոռթկումներ առաջացնել»,-կարծում է դեսպանը։

Այս շատ հակասական իրավիճակում շատ կարևոր է թացը չորից տարբերել։ Պետք չէ անտեսել նաև երկու երկրների հարաբերություններում դրսից լրացուցիչ բարդություններ մտցնելու փորձերը։