Ռուսաստանը կօգնի՞ Հայաստանին Բաքվի հարձակման դեպքում. մեկնաբանում է ՀՀ-ում ՌԴ դեսպանը

Ես հիմք չունեմ ասելու, որ ՌԴ–ն կասկածի տակ կդնի Հայաստանի հետ իր դաշնակցային պայմանավորվածությունները, բայց որպես դեսպան չեմ կարող քննարկել նման զարգացումները։ Այս մասին Հանրային ՀԸ-ն եթերում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով հարցին՝ Ռուսաստանը կօգնի՞ Հայաստանին Բաքվի հարձակման դեպքում:

«Ռուսաստանը չի հրաժարվել և չի հրաժարվելու Հայաստանի առջև ստանձնած դաշնակցային պարտավորություններից։ Ես ոչ մի հիմք չունեմ պնդելու, որ Ռուսաստանը չի կատարի Հայաստանի հանդեպ իր դաշնակցային պարտավորությունները։ Կարծում եմ` հիմա չափազանց կարևոր է, և դա բխում է բոլորի շահերից, որպեսզի իրավիճակը զարգանա խաղաղ հունով, և հիմքեր ստեղծվեն երկարատև խաղաղության համար»,– ասել է նա։

Իհարկե, Ռուսաստանը միաժամանակ Հայաստանի կողմից մեծ ցանկություն չի տեսնում աշխատել ռուսական բանակցային հարթակում։ Դիվանագետը շեշտեց, որ այնուամենայնիվ, Մոսկվան չի հեռանում տարածաշրջանից, և նրա համար տարածաշրջանային խաղաղությունը չափազանց կարևոր է։

Կոպիրկինը նաև անդրադարձավ այն հարցին, թե ինչու են որոշ ռուս պաշտոնատար անձինք եռակողմ հայտարարությունը չկատարելու մեջ մեղադրում Հայաստանին և ոչ Ադրբեջանին։ Նա նշեց, որ ռուս պաշտոնյաների ոչ բոլոր հայտարարություններ են բխում Հայաստանի հասցեին կշտամբանքների տրամաբանությունից։ Կան նաև դրական գնահատականներ, որոնք, ցավոք, բավարար չափով չեն լուսաբանվում, ինչպես և չի լուսաբանվում Հայաստանի նկատմամբ ռուսական դիրքորոշման էությունը։

«Շարունակելով կշտամբանքների թեման` նշեմ, որ արժե հաշվի առնել նաև Հայաստանում առանձին անձանց կողմից Ռուսաստանի հասցեին հնչող լուրջ քննադատություններն ու մեղադրանքները։ Փորձ է արվում բարդել Ռուսաստանի վրա՝ ողբերգությունների և անհաջողությունների համար։ Իհարկե, Մոսկվան ինքն իր վրայից չի հանում պատասխանատվությունը տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների համար»,– նշեց Կոպիրկինը։

Նրա խոսքով` ՌԴ–ն պատասխանատու դերակատար է և հնարավորության սահմաններում ամեն ինչ անում է հիմնական խնդիրները լուծելու, էսկալացիա թույլ չտալու համար։

Նշենք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում, պատասխանելով հարցին, ասել էր, որ ՀՀ–ն, Պրահայում ճանաչելով Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս, խախտել է եռակողմ պայմանավորվածությունը։