Արամ Ա կաթողիկոսը իր զորակցությունն է հայտնել Երուսաղեմի հայոց պատրիարքարանին և հայ համայնքին հարձակման կապակցությամբ

Արամ Ա․ Վեհափառ Հայրապետը անդրադարձել է Երուսաղեմում հայկական թաղամասի վրա այսօր տեղի ոնեցած հարձակման դեպքին։ Հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից:

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս, Ժընեւի եւ Երուսաղէմէն ներս գտնուող Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի (Ե.Հ.Խ.) պատասխանատուներուն ճամբով, մօտէն կը հետեւի Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանին շուրջ ստեղծուած մտահոգիչ կացութեան։

Ինչպէս Պատրիարքարանին կողմէ հրապարակուած եւ ստորեւ կցուած հաղորդագրութիւնը կը նշէ, շուրջ 30 անձերէ բաղկացած խումբ մը անծանօթ մարդիկ յարձակում գործած են Պատրիարքարանի միաբանութեան ու պաշտօնէութեան վրայ, իբրեւ բողոքի արտայայտութիւն «Կովերու Պարտէզ»ին գծով Պատրիարքարանին առած իրաւական քայլերուն։ Կան վիրաւորներ ու նիւթական վնասներ։

Ինչպէս միշտ, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը իր ամբողջական զօրակցութիւնը կը յայտնէ Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան ու հայ համայնքին եւ կոչ կ՚ուղղէ մեր ժողովուրդի զաւակներուն զօրավիգ կանգնելու Պատրիարքութեան իրաւունքներուն եւ ապահովութեան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ մի խումբ ահաբեկիչներ սև շորերով ու դիմակներով, մոտ 30 հոգի, զինված փայտերով, արցունքաբեր նռնակներով ու այլ տեսակի միջոցներով հարձակում են գործել Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» տարածքում գտնվող հայերի վրա՝ նրանց վնասելու, տարածքից դուրս հանելու և ահաբեկելու նպատակով: