Հայաստանը հստակ որոշել է փոխել իր արտաքին քաղաքականությունը և հեռանալ Մոսկվայից․ Խավիեր Կոլոմինա

ՆԱՏՕ-ն շատ լավատես է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած համատեղ հռչակագրի վերաբերյալ։ Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին տված հարցազրույցում հայտարարել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։

«Մենք կարծում ենք, որ սա շատ լավ նորություն է։ Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը: Մենք աջակցում ենք ԵՄ-ի և ԱՄՆ-ի ջանքերին այս գործընթացում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի կողմից երկկողմ հիմունքներով ձեռնարկվող ջանքերին։ Մեզ համար իսկապես կարևոր է, որ կայունությունը կովկասյան տարածաշրջանում պահպանվի ոչ միայն այն աշխատանքի շնորհիվ, որը մենք անում ենք Վրաստանում, այլև այն կայունության միջոցով, որը կարող է հաստատվել Հայաստանում և Ադրբեջանում»։

Պատասխանելով հարցին, թե տեսնո՞ւմ է Երևանի շահագրգռվածությունը ՆԱՏՕ-ի հետ մերձեցման հարցում, Կոլոմինան նշել է, որ Հայաստանը շատ հստակ որոշել է փոխել իր արտաքին քաղաքականությունը և որոշակիորեն հեռանալ Մոսկվայից։ «Դա այն է, ինչ մենք խրախուսում ենք: Հայերն ազատ են իրենց որոշումները կայացնելու մեջ, բայց նրանք որոշել են դա անել, և ես կարծում եմ, որ նրանք արդեն սկսում են մոտենալ մեզ՝ ավելի շատ համագործակցություն խնդրելով, ավելի շատ քաղաքական երկխոսություն պահանջելով, ավելի շատ ՆԱՏՕ-ի ներկայություն պահանջելով:

Մենք սատարում ենք մեր գործընկերների ցանկացած որոշում, որը, մեր կարծիքով, օգտակար է տարածաշրջանի կայունության համար։ Սա շատ կարևոր է մեզ համար»,- ասել է նա։