ՀՀԿ-ի մարզային այցերը Արտաշատ, Արարատ, Վեդի քաղաքներ (տեսանյութ)

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամները մարզային այցելությունների շրջանակում այս անգամ հանդիպեցին Արարատի մարզի Արտաշատ, Արարատ, Վեդի քաղաքների Հանրապետական կուսակցության շրջանային կազմակերպությունների անդամների, իրենց համախոհների ու այդ քաղաքների բնակիչների հետ՝ պատասխանելով նրանց հարցերին Հայաստանի Հանրապետությունում, Արցախում ստեղծված իրավիճակի ու հնարավոր ելքերի վերաբերյալ։ Կուսակցության անդամները նաև մարզերում ապրող բնակիչների հետ խորհրդակցելու, նրանց կարծիքը, առաջարկները լսելու նպատակով են հանդիպումներն ու քննարկումերը կազմակերպում՝ հասկանալու, թե ի՞նչ մեխանիզմներով է հնարավոր արդյունավետորեն փոխել Հայաստանի Հանրապետության իշխանություններին և բեկել Հայաստանի՝ դեպի անդունդը տանող ճանապարհը։ Հանդիպման մասնակիցների մտորումները հիմնականում ընդդիմության կազմակերպած շարժումների ձախողումների վերաբերյալ էին, թե ինչու 44-օրյա պատերազմից հետո հավաքական ընդդիմությանն այդպես էլ չհաջողվեց հեռացնել երկիրը կործանման առաջ կանգնեցրած, Արցախը կորցրած, հազարավոր մարդկանց մահվան պատճառ դարձած իշխանություններին։

Արտաշատում ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանը պարզաբանեց, թե ինչու այսքան ժամանակ փողոց դուրս գալով՝ հնարավոր չի եղել հասնել իշխանափոխության, թեև մի քանի անգամ ընդդիմությունը նման շարժում է նախաձեռնել։ Նրա կարծիքով՝ փողոցը չի կարող իրավիճակ փոխել, եթե միայն կուսակցականներն ու որոշակի դժգոհություն ունեցող քաղաքացիներն են այնտեղ կանգնում, պետք է ավելի վճռական, հաստատակամ լինել և կտրուկ քայլերի գնալու պատրաստակամություն ունենալ, պետք է փողոց դուրս գան ոչ միայն կուսակցականացված մարդիկ, այլև նրանք, ովքեր ոչ մի կուսակցության հետ որևէ առնչություն չունեն։

«Փողոցը կարող է իրավիճակ փոխել, երբ փողոցում կանգնած յուրաքանչյուր մարդ, որքան էլ նրան համոզեն, տուն չգնա, չասի՝ այսօր կարծես թե ժամն ավարտվեց, կարելի է գնալ տուն։ Խոսքն այն մասին է, որ փողոցում պետք է լինեն մարդիկ, որոնք փոփոխության անհրաժեշտություն են զգում, ոչ թե այս կամ այն քաղաքական ուղղվածություն ունեն։ Երբ չեզոք մարդը, որը կուսակցության հետ որևէ ընդհանուր բան չունի, հայտնվում է փողոցում, որտեղ պահանջում է փոփոխություն, այդ պահին փողոցը դառնում է ազդեցիկ»։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն ասաց, որ պայքարի բազմաթիվ տարբերակներ կան, և Հանրապետական կուսակցության անդամները պայքարի այն սցենարն են ընտրել, որով իշխանափոխության հնարավոր է հասնել փողոցում հավաքված մարդկանց, ԱԺ ընդդիմադիր՝ մասնավորապես Հանրապետական կուսակցության պատգամավորների ու ՀՀԿ-ի անդամների համատեղ ջանքերով ու համագործակցությամբ։ Ըստ Հայկ Մամիջանյանի՝ որքան էլ շատ մարդ դուրս գա փողոց՝ թեկուզ կես միլիոն, վարչապետը հոժարակամ հեռացող չէ, նա Սերժ Սարգսյանի պես չէ, որ մտահոգվի պատերազմի վտանգի առաջ կանգնած երկրի տնտեսությամբ ու ամրությամբ, անվտանգությամբ, որ հանկարծ ոչ խելամիտ քայլերով երկիրը խոցելի չդարձնի։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանի ողջամտության վրա հույս դնելն անիմաստ է։ Պատգամավորի դիտարկմամբ՝ վարչապետի իշխանությունը հիմնված է երկու սյան վրա՝ ոստիկանության, այսինքն՝ ուժային բլոկի և իր խմբակցության։ Ոստիկանության վրա պետք է ներազդել։ Ինչը, ըստ պատգամավորի, արվում է։ Ինչ վերաբերում է խմբակցությանը՝ քպ-ի 72 պատգամավորներին, ապա նրանց վրա պետք է ճնշում գործադրել փողոցային պայքարի միջոցով նրանց մեջ վախի, ամոթի զգացում առաջացնելով։

«72 հրաշքները ռեմբոներ չեն, ես ձեզ վստահեցնում եմ՝ իրենք շատ ուժեղ տղաներ և աղջիկներ չեն, նրանց վրա ճնշում գործադրելը բարդ չէ, դրա համար փողոց է պետք։ Ինչպե՞ս ենք մենք այդ ամենը պատկերացնում՝ փողոցային մեծ ու ակտիվ պատրաստ թիվ, որը ճնշում է այդ ֆրակցիայի վրա, իսկ ֆրակցիայից պետք է 18-19 հոգի»։

Իսկ հանրային ընդվզումը կազմակերպելու և հաջողությամբ վերջնակետին հասցնելու պատասխանատու գործը Հանրապետական կուսակցությունը որոշել է վերցնել իր վրա՝ փողոցային պայքարի դրոշը բռնելով և առաջնորդելով այն։

«Մենք հինգ տարի է պայքարի մեջ ենք, բայց մեր նախաձեռնած պայքար չի եղել, մենք միշտ եղել ենք օգնող և կարծես մեր հերթը մոտենում է»,- իր խոսքը եզրափակեց Հայկ Մամիջանյանը։

Խոսելով երկրի անվտանգության մասին՝ առողջապահության ոլորտի մասնագետ Ծաղիկ Վարդանյանը կարևորեց մարդկանց առողջության գործոնը՝ ասելով, որ երկիրն անխոցելի է նախ անառիկ, պաշտպանված սահմաններով, հետո պարենային անվտանգությամբ ու ինքնաբավությամբ, որից հետո այդ երկրի բնակչության առողջության ապահովմամբ։ Այս համատեքստում նա նշեց, որ վերջին տարիներին՝ հատկապես քովիդից հետո, մեր երկրում ժամկետանց պատվաստանյութերի իրացման քաղաքականություն է իրականացվում առողջապահության ոլորտում։

«Ամենայն հավանականությամբ որոշ կենտրոններից մեծ քանակությամբ պատվաստանյութեր են ստացել և պարտավորություն ունեն պատվաստում իրականացնել։ Ես այս պահին խոսում եմ երկու պատվաստանյութերի մասին՝ քովիդ 19-ի դեմ պատվաստանյութի և գարդասիլի։ Պատկերացրեք՝ ինչ է կատարվում, սա շատ ծանր զենք է, կենսաբանական զենք է։ Ի՞նչ է կատարվել․ երբ մեծ քանակով բերել են և պարտավորություն են վերցրել, որ պետք է իրացնեն, չի ստացվել, և մեկ էլ նախարարի հրաման է արձակվում, որ երկու տարով երկարացնում են պատվաստման ժամկետները, հղում է արվում, որ այսինչ ամերիկյան կայքում այդպես է։ Այնինչ խոսքը անասնաբուժական կայքի մասին է։ Հիմա փորձում ենք մտնել այդ կայքը, չի ստացվում, կայքը չի աշխատում, չի գործում»։

Ծաղիկ Վարդանյանը զգուշացրեց, որ նման գործողությունները հանրային առողջապահական բացասական հետևանքներ են ունենում, դրանք արդեն տեսանելի են։ Սա ևս երկրի անվտանգության դեմ մարտահրավեր է։

Արտաշատում շրջանային կազմակերպության քննարկման մասնակիցները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է իշխանափոխությունից հետո վերադարձնել բռնազավթված Արցախը, և ի՞նչ քայլեր պետք է արվեն դրա համար։

Դավիթ Հարությունյանն արձագանքելով այդ մտահոգություններին՝ ասաց, որ Արցախն առանց ջանքեր գործադրելու վերադարձնելու հույսը հեքիաթ է, բայց մենք պետք է պատրաստվենք աշխարհաքաղաքական իրավիճակի ցանկացած փոփոխությանը և մեզ համար հարմար պահի քայլեր ձեռնարկենք։

«Այս պահին մեր համար մեկ խնդիրը պատրաստ լինելն է, այն, ինչ Հայաստանի Հանրապետությունը չի անում։ Հայրենասիրական թեզերով ամպագոռգոռ խոսել կարելի է, բայց իրատեսական լինենք։ Պետք է երկիրը հզորացնել՝ սկսած ռազմարդյունաբերությունից։ Խնդիրները բազմաթիվ են»։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն ի պատասխան՝ ասաց, որ Արցախը հետագայում վերադարձնելու համար անհրաժեշտ է թույլ չտալ, որ այն հայտնվի Նախիջևանի կարգավիճակում, Նախիջևանի ճակատագիրն ունենա։ Իսկ դրա համար պետք է պայմաններ ստեղծել, որպեսզի հայերը վերադառնան ու բնակվեն այնտեղ՝ իրենց տներում, իրենց հայրենի հողում։ Բայց ո՞վ կարող է երաշխավորել նրանց անվտանգությունն ու արժանապատիվ կեցությունը Ադրբեջանի ղեկավարության տակ։

«Ես կյանքում ինձ թույլ չեմ տա Երևանում և Արտաշատում համեմատաբար անվտանգ պայմաններում մարդկանց, որոնք երկու-երեք անգամ տուն են կորցրել, ասել, որ պետք է գնան Ղարաբաղ։ Եթե տեղում երաշխիքներ լինեն այդ մարդկանց համար, այլ ոչ թե Ադրբեջանի Սահմանադրությունը դառնա այդ երաշխիքը, կարելի է մտածել դրա մասին։ Այս պահին դրա մասին հնարավոր չէ մտածել։ Հիմա սեփականության իրավունքն այնտեղ չի պահպանվում, բոլորի տները թալանում են, կողոպտում, ուր մնաց կյանքի իրավունքը»։

Արտաշատից հետո Հանրապետական կուսակցության անդամները մեկնեցին Արարատ քաղաք՝ հանդիպելու Արարատի շրջանային կազմակերպության անդամների և սովորական քաղաքացիների հետ, որոնք երկրի փրկության հույսը դնելով Հանրապետական կուսակցության վրա՝ եկել էին համոզվելու, որ կուսակցությունն այդ ռեսուրսներն ունի և հստակ պատկերացնում է դրա համար անհրաժեշտ քայլերի հաջորդականությունը։

Արարատում հանդիպման մասնակիցների առաջ ելույթ ունեցավ ՀՀԿ ուսանողական կազմակերպության ղեկավար Արմեն Հարությունյանը՝ կարևորելով երիտասարդության ավյունն ու ներուժը Հայաստանի Հանրապետությունը արտաքին և ներքին սպառնալիքներից զերծ պահելու գործում։ Արմեն Հարությունյանն ասաց, որ Արարատում կան երիտասարդներ, որոնք ակտիվորեն ներգրավված են Հանրապետական կուսակցության երիտասարդների ծրագրերում և նախաձեռնություններում։

«Քանի որ օր օրի Արարատն ավելի է զարգանում, մենք այստեղի ակտիվությունն ավելի ենք մեծացնելու։ Իսկ եթե կունենաք ավելի լավ առաջարկներ, որոնք կցանկանաք այստեղ իրագործել, մենք միշտ բաց ենք, խնդիր չենք տեսնում և պատրաստ ենք դրանք իրագործել»։

Արարատցիները Հանրապետական կուսակցության անդամներից ցանկացան իմանալ, թե ի վերջո ե՞րբ և ի՞նչ ճանապարհով կհեռանան կամ կհեռացվեն Արցախը ադրբեջանական գերությանը հանձնած և Հայաստանի ինքնիշխանությունը վտանգած քպ-ականները։ Դավիթ Հարությունյանն իշխանափոխության երկու ճանապարհ նշեց՝ ընտրություններ և փողոցային շարժում։ Բայց այս իշխանությունների դեպքում առաջին տարբերակը բացառվում է։ Մնում է ապավինել փողոցային պայքարին, որին պետք է մասնակցեն ոչ միայն կուսակցական պատկանելություն և որևէ կուսակցությանն աջակցող մարդիկ, այլև հասարակ քաղաքացիներ՝ իրենց և երկրի ապագայի մասին մտահոգությամբ։

«Փողոցային պայքարը հաջողությամբ է պսակվում միայն այն դեպքում, երբ որևէ կուսակցական պատկանելություն, կուսակցական ակտիվություն չցուցաբերող մարդը հասկանում է, որ պետք է դուրս գա փողոց պայքարելու սեփական, ոչ թե պետական, ոչ թե երկրի շահերի համար։ Ցանկացած փողոցային շարժման փորձը ցույց է տվել, որ այն հաջողությամբ է պսակվում միայն այդ դեպքում։ Խնդիրը միայն մարդկանց քանակը չէ․․․ Երբ այդ մարդկանց թիվը դառնա գերակշռող, որևէ իշխանություն չի դիմանա»։

Հանրապետական կուսակցության անդամները համոզված են՝ ընտրությունները ավելի են ամրացնելու այս իշխանությունների դիրքերը և ավելի սանձարձակ են դարձնելու իրենց հայադավ ծրագրերն իրագործելիս։

«Ուշացած չե՞ն արդյոք իշխանափոխության բոլոր նախաձեռնությունները,- հետաքրքրվեցին արարատցիները։- Արցախը հանձնեց, Հայաստանի Հանրապետության ռազմավարական նշանակություն ունեցող բնակավայրերն ու ճանապարհները Ադրբեջանին հանձնելու մասին փաստաթուղթն ամենայն հավանականությամբ ստորագրվել է, Ադրբեջանը պատրաստվում է ավելի քան 120 հազար իբրև թե հայրենակիցների վերադարձի շինծու ծրագրով նաև Հայաստանի ինքնիշխան տարածքը բռնազավթել ու հայաթափել։ Այս պայմաններում ի՞նչ է հնարավոր անել մեզ համար կործանարար ու դավադիր քայլերը կասեցնելու համար»։

Հայկ Մամիջանյանը վստահեցրեց, որ հիմա անգամ ուշ չէ։ Եթե այդ տրամաբանությամբ դատենք, ապա պետք է մտածենք, որ դեռ 2018 թվականին գործողություններ չանելով և այս իշխանություններին չկանգնեցնելով՝ ուշացել ենք հայրենիքի փրկության գործում։

«2018 թվականի ապրիլի 25-ին ուշ էր, 20 թվականի նոյեմբերի 10-ին էլ էր ուշ։ Երբ 2020 թվականի դեկտեմբերի սկզբներին նա բունկերից դուրս եկավ, այդ ժամանակ էլ էր ուշ։ Բայց ունենք այն, ինչ ունենք»։

Արարատ քաղաքում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն անդամատոմսեր շնորհեցին կուսակության շարքերը համալրելու ցանկություն հայտնած քաղաքացիներին՝ շնորհավորելով նրանց մուտքը և հույս հայտնելով, որ յուրաքանչյուր նոր կուսակցական անդամ իր հետ նոր շունչ կբերի և կդառնա պայքարի ազատամարտիկ։ Անդամատոմսերը շնորհեց Դավիթ Հարությունյանը՝ վստահություն հայտնելով, որ նոր անդամները կարդարացնեն իրենց հույսերը։

Հանրապետականների այդ օրվա վերջին հանդիպումը համախոհների ու կուսակից ընկերների հետ նախատեսված էր Վեդի քաղաքում։ Այստեղ նույնպես մտահոգության հիմնական թեման երկրի ու բնակչության անվտանգությունն էր և այդ անվտանգությունը խոցելի դարձրած իշխանություններից ձերբազատվելը, ինչն այսօր դարձել է հիմնական հրամայական։

Առողջապահության ոլորտի մասնագետ Ծաղիկ Վարդանյանը մեկ անգամ ևս հիշեցրեց, որ երկրի անվտանգության հենասյուներից մեկն էլ բնակչության առողջությունն է, ինչը նույնպես թիրախավորված է այս իշխանությունների կողմից։ Եթե նախկինում մի շարք սոցիալական ծրագրեր էին գործում հաշմանդամություն ունեցող մարդկանց համար՝ նրանց կյանքն ավելի տանելի դարձնելու և հոգսերը թեթևացնելու նպատակով, ապա այս իշխանությունները նրանցից շատերին զրկել են ցանկացած արտոնությունից և օգնությունից՝ թողնելով անպաշտպան և անօգնական։

«Վերջին մեկուկես տարում ՀՀ-ում միայն 20 հազար մարդ այլևս հաշմանդամ չի համարվում։ Իսկ նրանց մի մասը անգամ քառօրյա, 44-օրյա պատերազմների մասնակիցներ են, որովհետև ինչ-որ բաներ են փոխում, և կապ չունի, որ դու զրկվել ես քո վերջույթից, զրկում են նրանց սոցիալական երաշխիքներից։ Դա իբրև թե խնայողության նպատակով է արվում։ Իսկ 2023 թվականին պետությունը 2 մլրդ դրամի բժշկական ծառայության համար վճարում չի կատարել, մերժել են»։

Այսինքն, այս իշխանությունները ցանկացած ոլորտում անվտանգային լուրջ խնդիրներ են առաջացրել, որոնք միայն վատթարացնում են ժողովրդի վիճակը և երերուն դարձնում Հայաստանի Հանրապետության հիմքերը։

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը նաև այդ մարտահրավերները նկատի ունենալով՝ ասաց, որ վայրկյան առաջ պետք է թոթափել այս իշխանությունների բռնի լուծը, և Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դեռ նախորդ տարվա ամռանը այդ ուղղությամբ արդյունավետ քայլեր էր նախատեսել, ծրագիր մշակել, բայց սեպտեմբերյան ողբերգական իրադարձությունները թույլ չտվեցին դրանք սկսել և ավարտին հասցնել։ Բայց իրենք չեն հանձնվել և անդրդվելի են լինելու։

«Հանրապետականն անցած տարի ամռանը մեծ ծրագիր էր մշակել աշնան համար։ Պարզ է, որ ԱԺ-ում ես քնից չէի արթնացել ու հայտարարում, որ կանչ է հնչելու, և շուտով պայքար է լինելու։ Բայց եղավ սեպտեմբերի 19-ը, ինչը մեր պլանները խախտեց։ Մենք շարունակում ենք այդ ճամփան տեսնել։ Հիմա հարց կտաք՝ ինչպե՞ս․․․ »։

Հայկ Մամիջանյանը ներկայացրեց իրենց իմպիչմենտի՝ վարչապետին անվստահություն հայտնելու միջոցով իշխանափոխություն իրականացնելու ծրագիրը, որը նախատեսվում է կյանքի կոչել այս իշխանությունների գոյության համար կարևոր երկու հենասյուներից՝ ուժային ծառայություններից և սեփական խմբակցության աջակցությունից նրանց զրկելու միջոցով։

«Մեր պատկերացրած ճամփան հետևյալն է՝ մարդկային լայն զանգված, որը ճնշի ֆրակցիայի վրա։ Այնտեղից 18-19 հոգի պոկվում է, հարցը լուծված է»։

Վեդիի հանդիպման մասնակիցներից մեկը հարց բարձրացրեց առաջնորդի մասին, թե ով է լինելու իշխանափոխությունը ղեկավարողը, որը վստահություն կներշնչի ժողովրդի շրջանում և զանգվածներին կտանի իր հետևից։

Դավիթ Հարությունյանն ասաց, որ առաջնորդի մասին հարցը դեռևս հստակ պատասխան չունի։ Ըստ նրա՝ ո՛ր ուժը ունենա առավել ակտիվ ազդեցություն, նա էլ թելադրող է լինելու։ Երբ պարզ լինի, որ մարդկանց մեջ տիրող տրամադրությունները հող են նախապատրաստում փողոցում կրիտիկական զանգվածի հավաքվելու համար, որը կազդի իշխող խմբակցության պատգամավորների վրա և կպարտադրի նրանց սատարել իմպիչմենտի գործընթացին, այդ ժամանակ ասպարեզ դուրս կգա առավել ազդեցիկ քաղաքական թիմը, որը ամենաշատ մարդկանց կհավաքի հրապարակում։ Եվ հենց այդ թիմից էլ կլինի առաջնորդը։ Եթե դա լինի Հանրապետական կուսակցությունը, ապա առաջնորդը նրանցից կընտրվի։

«Ենթադրենք մեր թիմը միայնակ չի կարող դա ապահովել։ Եթե լինի երկու կամ երեք թիմ, այդ ժամանակ կլինեն քաղաքական քննարկումներ։ Դա է պատճառը, որ մենք այս պահին համարում ենք, որ շուտ է, մինչև մենք պատրաստ չլինենք դրան։ Մենք այդ պատճառով նաև հանդիպումներ ենք ունենում ու ներկայացնում մեր տեսլականը․․․»։

Երբ պարտությունից հետո այս իշխանությունները վախեցել ու թաքնվել էին բունկերներում, իշխանությունը փողոցում գցած էր։ Այսպիսի համոզմունք հայտնեց հանդիպման մասնակիցներից մեկը՝ հարց բարձրացնելով, թե ինչո՞ւ այդ ժամանակ Հանրապետական կուսակցությունը չվերցրեց իշխանությունը։ Ինչին Դավիթ Հարությունյանը հակադարձեց, որ իշխանության փողոցում գցած լինելն ընդամենը երևութական էր։

«Այս մարդը մեկ ամիս էլ կնստի բունկերում, երկրում անարխիա կլինի, ինքը նստելու է բունկերում և ոչինչ չի փոխվելու՝ ուզում ես գնա կառավարության շենքը գրավիր։ Մտիր կառավարության շենք, նստիր վարչապետի աթոռին։ Քեզ չեն ընկալի որպես վարչապետ, ոչ էլ իրականում դու վարչապետ ես։ Սահմանադրական մեխանիզմներից բացի՝ այս իշխանություններին հեռացնելու այլ ճանապարհ չկա»։

Արարատի մարզի երեք բնակավայրերում հանդիպումները ՀՀԿ ԳՄ անդամների համար հերթական ուղենիշն էին, թե իրականում կուսակցությունն ինչ ներուժի է տիրապետում և արդյոք դա բավարար է առաջիկայում երկիրը բռնապետության վերածած և ՀՀ-ի ինքնիշխանության դեմ ոտնձգություններ իրականացնող իշխանությունից ձերբազատվելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում