ՀՀ քաղաքացիները կկարողանան առանց վիզայի մեկնել Էմիրություններ․ արձանագրությունը քննարկվեց ԱԺ-ում

ՀՀ-ի և ԱՄԷ-ի կառավարությունների միջև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին փոխըմբռնման հուշագրում (2009-ին ստորագրված) փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը ստորագրվել է 2023 թվականի սեպտեմբերի 7-ին: Այն փոփոխելու մասին համաձայնագիրը վավերացնելու նախագիծը ԱԺ-ում ներկայացրեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը:

«Արձանագրության վավերացման արդյունքում երկու երկրների՝ 6 ամսից ոչ պակաս վավերականության ժամկետ ունեցող քաղաքացիները կարող են մուտք գործել, դուրս գալ և տարանցմամբ տեղաշարժվել իրենց համապատասխան երկրների տարածքներով առանց մուտքի արտոնագրի և վճարի: Մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատված անձնագրերն են համարվում երկու երկրների վավերական, դիվանագիտական, հատուկ, պաշտոնական և սովորական անձնագրերը: Նշված անձնագրի կողմեր ունեցող քաղաքացիներին թույլատրվում է գտնվել մյուս երկրի տարածքում առավելագույնը 90 օր ժամկետով»,- ասաց Վահան Կոստանյանը:

Ըստ ԱԳ նախարարի տեղակալի՝ 2009-ին կնքված փոխըմբռնման հուշագիրը գործում է 2021-ի հունվարի 14-ից: Այս արձանագրությունն արդեն իսկ ավարտել է իր ներպետական գործընթացն էմիրաթական կողմում, և այն ուժի մեջ մտնելու համար նախատեսված ներպետական ընթացակարգերի կատարումից 30 օր հետո ամբողջությամբ կմտնի ուժի մեջ:

«Եթե այսօր խորհրդարանը հավանություն տա տվյալ փաստաթղթին, ապա ավտոմատ կերպով, միանգամից ուժի մեջ չի մտնելու, և մեր քաղաքացիները մի քիչ էլ պիտի համբերություն ունենան, սպասեն, որպեսզի ավարտենք ներպետական ընթացակարգը: Այսինքն՝ կստորագրվի, և կտեղեկացնենք դրա մասին էմիրաթական կողմին, ինչից հետո ԱԳՆ-ը նաև հանրային կերպով հստակ կլուսաբանի, թե երբ մեր քաղաքացիները կկարողանան առանց մուտքի արտոնագրի ԱՄԷ ճամփորդել»,- ասաց նա: