Կովկասը արտատարածաշրջանային երկրների համար չպետք է դառնա մրցակցության դաշտ․ Ռաիսի
Իրանն աջակցում է կովկասյան տարածաշրջանի հետ կապի ուղիների և ենթակառուցվածքների բացման ցանկացած գործողությունների և հարթակների՝ հարգելով բոլոր երկրների ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքը և դա գնահատում է որպես խաղաղության ամրապնդման և իր հարևանների շահերի ապահովմանն ուղղված արդյունավետ քայլ։ Այս մասին Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում, հայտնում է Իրանի ղեկավարի պաշտոնական կայքը։
Ի պատասխան երկու երկրների, ինչպես նաև տարածաշրջանի երկրների միջև ավտոմոբիլային և երկաթուղային կապերի զարգացման Հայաստանի կառավարության ծրագրի, Իրանի նախագահն ասել է, որ սա «արդյունավետ քայլ է խաղաղության ամրապնդման և իրենց հարևանների շահերի ապահովման ուղղությամբ»։
Ռաիսին Կովկասը բնութագրել է որպես խաղաղության կարիք ունեցող կարևոր տարածաշրջան և հավելել. «Կովկասի նկատմամբ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականությունը որոշված է, և պետք է հոգ տանել, որպեսզի կովկասյան տարածաշրջանը չդառնա մրցակցության դաշտ արտատարածաշրջանային երկրների համար, և որ հարցերը պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների կողմից՝ առանց կողմնակի կողմերի միջամտության»:
Նախագահը Թեհրանում «3+3» հանդիպման հաջող անցկացումը բացատրել է որպես տարածաշրջանային հարաբերությունների և համագործակցության ամրապնդման և միմյանց հետ տարածաշրջանի երկրների հարաբերությունների կարգավորման ուղղությամբ կառուցողական քայլ՝ հավելելով. «Տարածաշրջանի երկրների փոխադարձ շահերն ապահովելը Իրանի Իսլամական Հանրապետության հիմնարար քաղաքականությունն է»։
Ավելի վաղ վարչապետի աշխատակազմը տեղեկացրել էր, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ: