Հանրապետականները Նոր Հաճնում և Եղվարդում (տեսանյութ)

ՀՀԿ ԳՄ անդամները շարունակելով իրենց մարզային այցերը՝ այս անգամ հանդիպեցին Կոտայքի մարզի Նոր Հաճն և Եղվարդ համայնքներում շրջանային կազմակերպության անդամների, կուսակցության համախոհների ու աջակիցների հետ՝ համատեղ քննարկելով երկրի առաջ ծառացած լուրջ ու սպառնալի մարտահրավերները և փորձելով ելքեր գտնել Հայաստանը աղետալի վիճակից դուրս բերելու, պետականությունը փրկելու և Արցախն ադրբեջանական բռնազավթումից ազատելու, Արցախի հարցը բանակցային սեղան վերադարձնելու համար։ ՀՀԿ անդամները լսեցին հավաքվածների մտահոգությունները, առաջարկներն այդ անլուծելի թվացող խնդիրների վերաբերյալ, պատասխանեցին նրանց հարցերին՝ հնարավորինս փարատելով մտահոգություններն այն մասին, թե ստեղծված իրավիճակից ելքեր չկան։

«Մեզ համար շատ կարևոր է, թե ստեղծված ողբերգական, աղետալի իրավիճակում մեր կուսակցական ընկերները, մեր կառույցներն ինչ առաջարկություններ ունեն, ոնց են պատկերացնում կուսակցության հետագա գործունեությունը, ինչ հարցեր պետք է մենք կարևորենք, որ տարածքում տեղային ինչ նշանակության խնդիրներ ունենք, ինչ խնդիրներ պետք է բարձրացնի մեր կուսակցությունը Ազգային ժողովում, ինչ դիրքորոշում պետք է արտահայտի կուսակցությունը միասնական քաղաքական աշխատանքում, նաև մեր պատկերացումները ձեզ փոխանցենք, թե հաջորդաբար ինչ պետք է անել։ Գաղտնիք չէ՝ 2018 թվականից հետո որպես իշխող կուսակցություն ապօրինի կերպով իշխանազրկվելուց հետո, երբ բոլորին թվում էր, թե Հանրապետական կուսակցությունն այլևս գոյություն ունենալ չի կարող, ի հեճուկս այդ կարծիքների՝ Հանրապետական կուսակցությունը ոչ միայն իր գոյությունը կարողացավ պահպանել, այլև անմիջապես մտավ ակտիվ քաղաքական դաշտ, ընդդիմադիր հատվածում զբաղեցրեց իր անփոխարինելի տեղը և այսօր էլ շարունակում է մնալ թերևս ամենաառանցքային քաղաքական կազմակերպված միավորը»,- Նոր Հաճնում հանդիպման ժամանակ իր բացման ելույթում քննարկման թեմայի առանցքը նախանշեց ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը՝ հավելելով, որ հիմա էլ իշխող ուժը հետապնդում է կուսակցության անդամներին՝ քաղաքական ճղճիմ ճնշումներով, կալանավորումներով ու արհեստական խնդիրներ առաջացնելով նրանց համար։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը անդրադառնալով հանրային հնչողություն ստացած հարցին, թե ինչո՞ւ է ընդդիմությունը՝ մասնավորապես «Պատիվ ունեմ» խմբակցությունը շարունակում մնալ Ազգային ժողովում՝ փոխարենը մանդատները վայր դնելու, թե ընդդիմությունն իր ներկայությամբ իբրև լեգիտիմացնում է իշխող կուսակցության ապազգային, հակահայ գործունեությունը, ասաց, որ իշխանության անդամներն են նման սուտ թեզեր հնչեցնում՝ ձգտելով վարկաբեկել ընդդիմությանը։

«Հիմա շատ են տարածում լուրեր, որ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները եթե մանդատները դնեն, ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով կսկսվի ԱԺ-ի լուծարման գործընթաց, և մեզ ասում են՝ դուք մանդատները չեք դնում և դրանով Նիկոլին եք օգնում, Նիկոլին եք պաշտպանում, Նիկոլին եք վարչապետ դարձրել՝ նայած ում երևակայությունը ինչպես է ծավալվում։ Ես ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ ասել, մենք միասին էլ կարող ենք մեր երկրի Սահմանադրությունն այստեղ կարդալ, ես ձեզ հոդվածները ցույց կտամ, որպեսզի դուք պնդեք, որ դա իրենց տարածած հերթական ֆեյքն է, սուտը։ ՀՀ Սահմանադրութամբ ԱԺ լուծարման գործընթաց պատգամավորների մանդատները վայր դնելու մեխանիզմով նախատեսված չէ։ Մենք այնտեղ կլինենք, չենք լինի, այդ աթոռներին ուրիշ մարդիկ կլինեն, թե դրանք օրենքի ուժով դատարկ կմնան, Աժ լուծարման գործընթաց, որն էլ կհանգեցնի վարչապետի հրաժարականին, չի կարող լինել։ Դա նաև արտահերթ ընտրության չի բերում։ Այդ գործընթացները միմյանց հետ փոխկապակցված չեն։ Ասում են՝ դուք այնտեղ եք, իրենց հետ աշխատում եք, հարմարվել եք։ Դուք «Պատիվ ունեմ» խմբակցության աշխատաոճից, որը հանրությանը հայտնի է, մենք լրատվամիջոցների աչքի առաջ ենք, կարող եք տեսնել, որ չենք մասնակցում հանձնաժողովի նիստերին և դա ինքնանպատակ չէ։ Դա նրա մասին է վկայում, որ մենք քաղաքական դիրքորոշում, վարքագիծ ունենք, որ սրանց հետ քնարկելու ոչինչ չունենք, չենք գնալու նստենք ենթաօրենսդրական ակտերի կամ օրենսդրական ակտերի փոփոխությունների մասին քննարկումներ անենք կառավարության հետ՝ շատ լավ հասկանալով, որ մեր երկրի խնդիրները ուրիշ տեղ են լուծվելու և այլ ճանապարհով։ Մենք դա օգտագործում ենք որպես ամբիոն առաջին հերթին մեր քաղաքական դիրքորոշումն ասելու համար, երկրորդը՝ դուք պետք է վստահություն ունենաք, որ այնտեղ ունեք պատգամավորներ՝ չորս հանրապետական պատգամավոր, որոնք 2021-ին էլ են գնացել այնտեղ և հիմա էլ շարունակում են մնալ այնտեղ մեկ տրամաբանությամբ՝ իշխանափոխության հասնելու, որպեսզի ունենանք այն ռեսուրսը, որը կբերի Նիկոլին անվստահություն հայտնելուն և նոր վարչապետին ընտրելու հնարավորություն կտա»,- ասաց ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանը։

ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը Հայաստանի ներկայիս վիճակը համեմատեց ծանր հիվանդության հետ, որը բուժելու  համար մասնագիտական միջամտություն է հարկավոր կատարել՝ արհեստավարժների ու սրտացավ բժիշկների թիմով։ Իսկ եթե երկիրը հայտնվի ոչ պրոֆեսիոնալների ձեռքում, ապա այն հնարավոր չի լինի փրկել։

«Մեր երկիրը կարող էր չհիվանդանալ, եթե կանխարգելիչ բոլոր միջոցառումները ճիշտ ժամանակին իրականացվեին։ Երկիրը հիվանդացրել են 2018 թվականից այս կողմ, հիմա լավ բժիշկ է պետք։ Ժողովրդի ընտրությունն է՝ գնալ մասնագետի՞ մոտ, թե այն մարդու մոտ, որն ուղղակի լսել է, թե այդ հիվանդությունն ինչպես պետք է բուժել։ Մեր կարծիքով բոլոր մասնագետներն այն բժիշկներն են, որոնք կկարողանան այս իրավիճակից երկիրը դուրս բերել։ Այս ամենը պատկերացրեք քաղաքական դաշտում։ Երբ մենք խոսում ենք ինչ-որ պրոցեսի մասին, նախ պետք է հասկանանք՝ այդ պրոցեսի մասնագետն ով է լինելու»,- ասաց Կարեն Ավագյանը՝ վստահեցնելով, որ վերջին տարիներին ՀՀԿ-ն է ստանձնել շտապ օգնության դերը, որին վստահում են հիվանդին կարճաժամկետ օգնություն ցուցաբերելու առաքելությունը, բայց, ըստ ԳՄ անդամի, հիվանդի վերջնական բուժումը դեռ Հանրապետական կուսակցությանը չեն վստահում, թեև գիտեն, որ այդ կուսակցության մեջ ավելի շատ են լավ բժիշկները։

Հանդիպման մասնակիցներն արձագանքելով Կարեն Ավագյանի խոսքին՝ համաձայնեցին, որ երկրին վերջին տարիներին պատուհասած դժբախտություններից ու աղետներից, կորուստներից հետո ժողովուրդը նոկաուտային վիճակում է և հոգեբանական լուրջ օգնության, ազգային ինքնագիտակցությունը բարձրացնելու կարիք ունի։ Դրանում կարևոր առաքելություն ունեն քաղաքական գործիչները, մասնավորապես Հանրապետական կուսակցության առանցքային դեմքերը, որոնք նախկինում իշխանություն էին և ծանոթ են այն մեխանիզմներին, որոնցով հնարավոր կլինի դիմակայել փորձություններին։ Ըստ հանդիպման մասնակիցների՝ այսօր մարդկանց անգործության մղելու իշխանական գործիքներից մեկը տեղակատվությունն է, որի կիրառությամբ իշխանությունը կարողանում է կեղծ, շինծու տեղեկություններ տարածելով՝ ապակողմնորոշել մարդկանց, կտրել իրականությունից և թույլ չտալ գիտակցել իրենց բերած աղետների ողջ ծանրությունն ու անդառնալիությունը։

ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը հիշեցրեց, որ ՀՀ իշխանություններն ի սկզբանե որդեգրել էին հենց այդ քաղաքականությունը և մարդկանց մանիպուլացնելու, ապատեղեկատվություն տարածելու և ապակողմնորոշելու միջոցով էլ կորցրեցին Արցախը և օրակարգից դուրս բերեցին արցախյան խնդիրը։ Այնինչ Հայաստանի ճանաչողությունն աշխարհում և հեղինակությունը առաջին հերթին Արցախի շնորհիվ է հնարավոր եղել ձեռք բերել։ Արցախն է Հայաստանը համաշխարհային հարթակում դարձրել գործոն։ Իսկ այսօր Հայաստանը ոչինչ չունի աշխարհին առաջարկելու, հետևաբար գործոնի դեր էլ չի կարող ունենալ։

«Արցախյան խնդիրը երկար տարիներ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ եղել է շատ մեծ խաղաթուղթ՝ և մեր անվտանգությունն էր Արցախը, և մեր հեղինակությունն էր միջազգային հարթակում․ Հայաստանին առաջին հերթին Արցախի հարցով էին տեղ տալիս։ Հայաստանը դրսում աշխարհաքաղաքական կամ արտաքին քաղաքական, կոպիտ ասած, առևտրին կարողանում էր մասնակցել Արցախի հարցով ունեցած կշռով։ Այսօր Հայաստանը որևէ մեկին հետաքրքրելու համար ոչինչ չունի։ Կոմունիկացիաներից են խոսում։ Ո՞վ է ասում, որ կոմունիկացիա չպետք է լինի, պետք է լինի, բայց ինչո՞ւ այն կոմունիկացիան, որը թուրքերին է պետք։ Մտածում են, որ թուրքերը կգան առևտուր կանեն, հայերը կհարստանա՞ն։ Թուրքերը ապուշ չեն՝ այնպես անեն՝ հայերը հարստանան, որ հետո զենք առնեն ու մեկ այլ սերունդ գա, ասի՝ ես չեմ հաշտվում, ես գնում եմ վերադարձնեմ։ Չեն անելու, հակառակը՝ այնպես են անելու, որ այստեղ հայ չլինի։ Իսկ ինչո՞ւ հյուսիս-հարավ կոմունիկացիան չեն զարգացնում, որ ավելի շատ պետությունների հետաքրքիր լինի, ներգրավեն և Հնդկաստանին, և Պարսկաստանին, Չինաստանին, Ռուսաստանին ու նորից Եվրոպա դուրս գան։ Անպայման ուզում են այն միջանցքը ստեղծեն, որ մի քանի առումներով ռիսկային է։ Ռիսկ համար մեկ՝ Հայաստանի ամբողջ կոմունիկացիոն ցանցի վերահսկողությունը լինելու է Ադրբեջանի ձեռքին, երկրորդ՝ տնտեսապես շահավետ է Թուրքիայի և Ադրբեջանի համար, Ադրբեջանը՝ որպես կամուրջ մինչև Միջին Ասիա, մինչև Չինական պատ թուրքախոս պետություններին միավորի և դառնա ավելի խոշոր գործոն։ Դրանից հետո Հայաստանին կուլ տալը ավելի հեշտ կլինի։ Նաև իրենց համար կլուծվեն տարբեր էներգետիկ խնդիրներ։ Իսկ Հյուսիս-Հարավի պարագայում ՀՀ-ն գոնե գործոն է դառնում, մեխանիկորեն փակվում է Սյունիքի հարցը, քանի որ բոլոր պետություններին ձեռնտու է լինելու, որ Սյունիքը լինի անվտանգ, և ՀՀ-ն տնտեսական շահ կունենա։ Այս ճանապարհը Թուրքիային և Ադրբեջանին ձեռնտու չէ»։

Այս իշխանություններին հեռացնելու խոչընդոտներից մեկն էլ, ըստ ԳՄ անդամների, Արևմուտքի կողմից մեծ աջակցություն ունենալն է։ Եթե իրենց իշխանության տարիներին այն ժամանակվա ընդդիմադիրներից որևէ մեկին ձերբակալում էին, ժողովրդավարության միջազգային  կազմակերպությունները  աղմուկ-աղաղակ էին բարձրացնում և ՀՀ իշխանություններից պահանջում հավատարիմ մնալ ժողովրդավարության սկզբունքերին։ Այսօր երբեմնի ընդդիմության իշխանության գալուց հետո, երբ ընդդիմադիր գործիչներին կալանավորում են, նրանց նկատմամբ քաղաքական ճնշումներ իրականացնում, երբ կալանավայրերը լցված են քաղաքական բանտարկյալներով, այդ նույն կառույցները համր են։

«Այո, այն ժամանակ Հայաստանում ժողովրդավարություն էր, և մեզ պետք էր աշխարհն էլ տեսներ, որ ժողովրդավարություն է։ Արևմուտքը մեզ չէր ների, եթե մենք ընդդիմությանը պատժեինք։ Այսօր Արևմուտքը աչքերը փակել է։ Քաղբանտարկյալներ ունենք, ոստիկանը փողոցում  ինչ ուզում անում է ընդդիմության ներկայացուցիչների հետ, բայց Արևմուտքը ձայն չի հանում, չի ասում լավ է կամ վատ, ձայն չի հանում։ Մեր ժամանակ ԱՄՆ դեսպանից սկսած մինչև Զիմբաբվեի դեսպանը զանգում էին ու ասում, թե այդ ինչ ենք անում»։

Ո՞րն է մեր պետության համար փրկությունը, ի՞նչ քայլեր է հարկավոր ձեռնարկել, որոնք պտուղ կտան և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը պահպանելուց բացի՝ նաև հնարավորություն կստեղծեն Արցախը մեկ անգամ ևս ազատագրել։ Նոր Հաճնում կազմակերպված շրջանային հանդիպման մասնակիցները ՀՀԿ անդամներից ցանկացան գործուն քայլերի վերաբերյալ պատասխաններ լսել և անձամբ լծվել դրանց իրագործմանը։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի կարծիքով՝ պետք է կոնսոլիդացվի ժողովրդի այն մասը, որը հստակ գիտակցել է իր մեղավորությունը մեր երկրին պատուհասած դժբախտությունների մեջ և պատրաստ է այս իշխանություններին հեռացնելու համար դրոշակիր դառնալ։ Հենց այդ մարդկանց պետք է առաջնորդել դեպի իշխանափոխություն, ոչ թե ընկնել ՀՀԿ-ին ամեն ինչում մեղադրողների գիտակցությանը ճշմարտությունը հասցնելու հետևից։

«Մենք սա պետք է հասկանանք՝ ինչի հետ գործ ունենք։ Երբ այդ հարցը փակվի, շատ մարդկանց հետ խոսելու կարիք չի լինի։ Մեր հասարակության 25 տոկոսն ասում է, որ այս մարդը (Նիկոլ Փաշինյանը) դավաճան է։ Չի ասում՝ նա վատ վարչապետ է, տնտեսությունից չի հասկանում, հստակ ասում են, որ դավաճան է։ Հասարակության այդ շերտի մեջ արմատացած կարծիք կա, որ մենք մեր երկիրը տվել ենք թշնամուն։ Ավելի լավ չէ՞ այդքանով կոնսոլիդացվել, քան լսել մեկին, որն ասում է գնացեք Նիկոլի հարցերը լուծեք։ 2018-ին եթե նա խնդիր չի տեսել կենդանի մարդու «դիակի» վրա Արամ Ասատրյանի երգը լսել ու պարել, հիմա ՀՀԿ-ն է մեղավո՞ր այս իշխանությունների գալու համար։ Եթե ընկնենք այդ դաշտ, ոչինչ չենք շահի»։

Արտակ Զաքարյանի կարծիքով՝ իշխանափոխության արդյունավետ ճանապարհը այս իշխանություններին անվստահություն հայտնելն է և իմպիչմենտը, որին կօգնի համաժողովրդական ընդվզումը փողոցում․ «Դրա ճանապարհը իմպիչմենտի ճանապարհն է։ Սահմանադրությունն այդ հնարավորությունը տալիս է։ Սրանք գցեցին արտահերթ ընտրությունների թեմա իրենց սատելիտներով։ Հետո տեսան արտահերթ ընտրություններն իրենց ոչինչ չեն տալու, փակեցին թեման։ Իմպիչմենտը խորհրդարանի միջոցով իշխանություն, այսինքն՝ վարչապետափոխությունն է։ Բայց դրա համար պետք է լինելու, որ փողոցում մարդիկ համբերատար կանգնած լինեն և օր օրի ավելանան, ոչ թե պակասեն։  Հավատացեք, այդ դեպքում ստացվելու է։ Բայց մենք իրավունք չունենք փորձենք ու ասենք չեղավ։ Պետք է 99 տոկոսով վստահ լինենք ու ասենք գնում ենք, ու լինելու է»։

Ժողովրդին հետաքրքրում են լուծումները, թե արդյո՞ք իշխանափոխությունից հետո հնարավոր կլինի շտկել երկրի մեջքը, մարտահրավերները վերացնել, վերականգնել մեր պետության երբեմնի կշիռն ու ազդեցությունը, վերագտնել անվտանգությունը։ Արտակ Զաքարյանի կարծիքով՝ մեր երկրի ու հաջորդ իշխանության առաջին հարցը երկրի, մեր ժողովրդի անվտանգությունն է, որը պետք է ապահովել աշխարհաքաղաքական ճիշտ կողմնորոշման միջոցով, անուհետև ներքին համերաշխությունը վերականգնելը։

«Ամերիկան պայքարում է միաբևեռ աշխարհ պահելու համար, ինչը 90-ականներից է սկսվել, Ռուսաստանը պայքարում է Չինաստանի հետ երկբևեռ կամ առնվազն բազմաբևեռ աշխարհի համար։ Այդ պայքարի մեջ Հայաստանի տեղը Իրանի և Ռուսաստանի կապող օղակ լինելով՝ անվտանգության խնդիրը լուծելն է։ Մենք մինչև մեր անվտանգության խնդիրը չլուծենք, եթե դու չունես տանիք, քամին տարել է, որքան ուզում ես տունդ վերանորոգի, ասֆալտ արա, բանի պետք չէ։ Ներքին համերաշխության խնդիրը պետք է լուծել, ռևանշի գնացող ժողովուրդը պետք է համերաշխ լինի, ռևանշը իշխանություն վերցնելու մասին չէ, այլ վերածնվելու, վերապրելու մասին է, որ հասկանան՝ այստեղ կա հասարակություն, որը թույլ չի տա իր շահերին որևէ մեկը կպնի։ Վաղվա իշխանությունը վատը կլինի, չի անի, կփոխենք։ Այս հնարավորությունները կան»։

Եղվարդ համայնքում Հանրապետական կուսակցության ԳՄ անդամների հանդիպումը համախոհների և աջակիցների հետ բավականին թեժ անցավ, մարդկանց մեջ բազմաթիվ հարցեր էին կուտակվել, որոնց պատասխանները նրանք փորձում էին ստանալ և փարատել իրենց կասկածներն ու մտահոգությունները, օբյեկտիվ իրականությանը հասու լինել։ Ինչպես նշեց Կարեն Ավագյանը՝ իրականությունը միշտ չէ, որ հասնում է Հայաստանի մարզերում ապրող բնակչությանը և նրանք ապատեղեկատվություն ստանալով՝ ճիշտ որոշումներ չեն կարողանում կայացնել և մեզ հետ պատահած ողբերգությունների համար ճիշտ հասցեատերերի չեն մեղավոր կարգում։

«Հիմնականում մարզերում մեր քաղաքացիները ստանում են այնպիսի տեղեկություն, որը իրականությունից ոչ թե շեղված է, այլ իրականությունից կտրված է ամբողջությամբ։ Եթե մեկ բառով ասեմ՝ սուտ է, և այդ սուտը հաճախ ավելի մեծ տեղ է գտնում և այդ ստի շուրջ պրոցեսներն ավելի արագ են զարգանում, քան իրականությունը, որը պետք է մեր քաղաքացիներին, որը պետք է այդ մարդկանց մեջ անհամաձայնություն, առնվազն ցավ առաջացնի։ Բայց մենք երբ մեր շուրջը նայում ենք, այն ողբերգությունները, որոնք եղան մեր երկրում ու մեր ժողովրդի հետ, համարժեք չեն այն ցավին, որը մենք զգում ենք։ Ցավը համարժեք չէ»։

Կարեն Ավագյանի կարծիքով՝ Հանրապետական կուսակցության անդամների ու համախոհների խնդիրն է՝ մարդկանց գիտակցությանը հասու դարձնել օբյեկտիվ ճշմարտությունը, հնարավորություն տալ, որպեսզի նրանք տարբերակեն սուտը, կեղծիքը իրականությունից, ճիշտ տեղեկություն ստանան և ակտիվ մասնակցեն այն գործընթացներին, որոնք կկասեցնեն Հայաստանի Հանրապետության կործանումը։

Քննարկման մասնակիցները հարց բարձրացրին ընդդիմության առաջնորդ ունենալու մասին, որին կվստահի այս իշխանություններից հուսալքված ու իրավագիտակից ժողովուրդը և կգնա նրա հետևից։

«Շփվելով տարբեր մարդկանց հետ, ակնհայտ է, որ նրանց հետաքրքրող առաջին հարցն է՝ ինչու ընդդիմությունը առաջնորդ չունի, որի հետևից կգնան իրենք»։

Անդրադառնալով այդ հարցին՝ Արտակ Զաքարյանն ասաց, որ իրենք կարող են պատասխանել Հանրապետական կուսակցության անունից, որի առաջնորդը հենց կուսակցության ղեկավարն է՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ ՀՀԿ-ի՝ որպես ընդդիմադիր դաշտի առանցքային ուժերից մեկի մոտեցումը միշտ հետևյալն է եղել՝ առաջնորդի մասին հարցի հասցեատերը Հանրապետական կուսակցություն չէ, նախ պետք է ընդդիմությունը միավորվի մեկ գաղափարի ու նպատակի շուրջ և նոր ընտրի առաջնորդի։

«Մարդկանց պետք է ասել՝ լուծո՞ւմներ եք ուզում այս երկրի համար, թե անձ եք ման գալիս։ Եթե անձ ենք ման գալիս, դա ամենահեշտ աշխատանքն է։ Ասենք Պողոս Պողոսյանն է։ Լուծումը ո՞րն է։ Լուծումները պետք է գտնել այն քաղաքական ուժերի մոտ, որոնք տարիների ընթացքում ապացուցել են, որ հարց լուծող են»։

ԳՄ անդամը Եղվարդ համայնքում նորից խոսեց իմպիչմենտի հնարավորության մասին՝ փողոցի ճնշման ազդեցությամբ՝ ասելով, որ դա իրատեսական ծրագիր է և կարելի է կյանքի կոչել համաժողովրդական համախմբման և ընդվզման դեպքում։

Խոսելով այս իշխանությունների խաղաղության օրակարգից, որի մասին հանդիպման մասնակիցները հարց բարձրացրին, Արտակ Զաքարյանն ասաց, որ նրանց առաջարկած խաղաղությունն այսօր արկղ է, որ վրա գրված է խաղաղություն, բայց երբ արկղը բացում ես, մեջը պատերազմ է։ Այս իշխանությունները սովորել են մեր երկրի համար բացասական լուծումները փաթեթավորել լավ առաջարկներով ու մատուցել ժողովրդին։ Իշխանափոխությունից հետո եկած նոր իշխանությունը առաջին հերթին պետք է անվտանգության խնդիր լուծի, որը ԳՄ անդամի ներկայացմամբ երեք չափորոշիչ ունի՝ ներքին ռազմական կարողության վերականգնում, արտաքին քաղաքականությունը, որի առաջին տողում անվտանգային միջավայրի ամրապնդումն է,  ներքին համերաշխության վերականգնում և համակեցության նորմերի սահմանում։

«Այսօր թվում է, թե մեր զինված ուժերը ջախջախված են ամբողջությամբ։ Այդպես չէ։ 44-օրյա պատերազմում մեր զինված ուժերի 75 տոկոսը ակտիվ ռազմական  գործողությունների չի մասնակցել, հետևաբար այդ տեխնիկան էլ կա, միջոցներն էլ։ Մեր ամեաուժեղ միավորը, որը Արցախի պաշտպանության բանակն էր, պատերազմի ամբողջ ուժն իր վրա է վերցրել, անգամ սրանց ստեղծած քաոսային վիճակում, նորմալ քաղաքական ուժի վերադարձից հետո կարճ ժամանակ է պետք, որ ՀՀ զինված ուժերը կարողանան անվտանգություն սպառողից վերածվեն անվտանգություն արտադրողի։ Դա խաղաղության թիվ մեկ երաշխիքն է։ Դա ապահովելու համար պետք է անցնես երկրորդ կետին՝ արտաքին քաղաքականություն։ Ովքե՞ր են մեր դաշնակիցները։ ՌԴ-ն, Իրանը։ Մեր աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ Արևմուտքի մասին ոչ մի հեքիաթ իրականություն չի դառնա, ինչպես չի դարձել 100 տարի առաջ և դրանից էլ վաղ»,- ասաց Զաքարյանը։

Այն իշխանությունը, որը կհաջորդի Արցախը հանձնած ու Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների ամբողջականությունն ու ինքնավարությունը վտանգած իշխանություններին, շատ խնդիրներ ունի լուծելու, և միայն երկրի անվտանգային միջավայրը վերականգնելուց հետո հնարավոր կլինի լծվել ներքին խնդիրների կարգավորմանը՝ հաշվի առնելով նախկինի սխալներն ու վրիպումները։

Մանրամասները՝ տեսանյութում