Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում. Վահան Կոստանյան

Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը BBC-ի հետ հարցազրույցում անդրադարձել է Երևան-Բաքու կարգավորման գործընթացին, Հարավային Կովկասում զարգացումներին: Նա նշել է՝ Ադրբեջանը հայտարարում է, որ շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հարցում, սակայն, դժբախտաբար, բառերը բավարար չեն, գործել է պետք:

«Փաստն այն է, որ Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում միջազգային հանրության առաջարկած սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում»,- շեշտել է փոխնախարարը: Նա հիշեցրել է, որ ադրբեջանական կողմը նախկինում բազմիցս հրաժարվել է կարգավորմանն ուղղված բանակցություններին մասնակցությունից:

Կոստանյանի խոսքով՝ հայկական կողմը հավատարիմ է խաղաղության հաստատմանը, այդ ուղղությամբ քննարկումներին և հարևան Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը: Նա շեշտել է՝ Ադրբեջանը պետք է ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այդ հարցում անորոշություններ չպետք է լինեն:

«Անհրաժեշտ է հստակ սահմանագիծ ունենալ՝ Ալմա Աթայի հռչակագրին համապատասխան: Նաև հարկավոր է համաձայնության գալ տրանսպորտային հաղորդակցությունների բացման սկզբունքների շուրջ, որոնք հաշվի կառնեն և կհարգեն երկրների ինքնիշխանությունը»,- նշել է Կոստանյանը:

Անդրադառնալով ադրբեջանական կողմի հայտարարություններին, թե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերը կարող են վերադառնալ իրենց տներ, և թե Ադրբեջանը պատրաստ է ապահովել նրանց անվտանգություն, Կոստանյանն ընդգծել է. «Նախնիների հայրենիքը լքած հայերից ոչ ոք չի վերադարձել այնտեղ, կարելի է արձանագրել, որ նրանք անվտանգության երաշխիքներ չեն տեսնում: Եզրակացությունները թողնում եմ ձեզ»:

Կոստանյանը հավելել է՝ այս ամենը տեղի է ունենում՝ չնայած Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, որով Ադրբեջանը պարտավորվում է ապահովել այդ մարդկանց վերադարձի իրավունքը: