«Խաղաղության պայմանագիրն» ու «խաղաղության խաչմերուկը» թուրքական ծրագրեր են

Երբ ադրբեջանական ստորաբաժանումները ներխուժեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ու գրավեցին կարևոր բարձունքները, ռազմական, քաղաքական գործիչները իշխանությանը խորհուրդ էին տալիս` Ադրբեջանի հետ չգնալ բանակցությունների, քանի դեռ ագրեսոր պետությունը հետ չի քաշել զորքերը մեր սուվերեն երկրից:

Չլսեցին: Փոխարենը, մեծամտաբար հակադարձում էին` «մենք գիտենք մեր անելիքը», «բանակցություններով կհասնենք նրան, որ ադրբեջանական զորքերը հանգիստ հետ կքաշվեն ՀՀ տարածքից», կամ ասում էին` «սոված կմնան ու հետք կքաշվեն»: Սակայն թշնամական երկրի զորքերը մնացին ու ամրացան Հայաստանի տարածքներում` անտեսելով, արհամարհելով հայկական կողմի բոլոր առաջարկները, այդ թվում՝ Փաշինյանի մեջտեղ բերած «հայելային հետքաշման» գաղափարը:

Օրերս լսեցինք Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ցինիկ պատասխանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը՝ սահմանից երկու երկրների զորքերի հետքաշման մասին: «Կպատասխանեմ հակիրճ, համաձայն չեմ Հայաստանի ԱԳՆ ղեկավարի կարծիքի հետ, Ադրբեջանում դեմ են հայ-ադրբեջանական սահմանից զորքերի հետքաշմանը: Հայ-ադրբեջանական սահմանը սահմանազատված չէ, սա բավականին բարդ խնդիր է։ Եթե ​​զորքերը դուրս բերվեն առանց լիակատար համաձայնության գալու, ո՞վ կարող է երաշխավորել, որ կողմերից մեկը կրկին դիրքեր չի զբաղեցնի»։

Այսպիսով, թշնամական պետությունը` Ադրբեջանը, որը զավթել է Հայաստանի 300 քառ/ կմ տարածքը, ի լուր աշխարհի հայտարարում է, որ մտադրություն չունի այդ տարածքներից դուրս գալու:

Եվ այս ամենը հետևանք է Փաշինյան Նիկոլի ու նրա կառավարության կողմից վարվող հակահայկական քաղաքականության:

***

ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնողը 2020 թվականին հայտարարում էր, թե Թուրքիան եկել է մեր տարածաշրջան՝ ցեղասպանական ծրագիրն ավարտին հասցնելու: Իսկ հիմա ասում է` մեր դռները պետք է բացենք հարևան Ադրբեջանի ու Թուրքիայի առաջ, պիտի բարեկամություն անենք, հարաբերությունները կարգավորենք, տարածաշրջանում հաստատենք խաղաղության դարաշրջան: Ու այս անհասկանալի ծրագրի իրականացման համար առաջ է մղում, այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» ստորագրման ու «խաղաղության խաչմերուկ»-ի իրականացման հարցը: Մինչդեռ այն, ինչ իրականում կատարվում է «խաղաղություն» բառի տակ, այլ բան չէ, քան փաստաթղթով Ալիևի հաղթանակների ամրագրում:

Մյուս կողմից էլ Անկարան է խոսում հայ-ադրբեջանական «խաղաղության» բանակցություններում միջնորդ դառնալու մասին: Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանն էր օրերս խոսել այդ մասին, իսկ Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը հայտարարեց. «Թուրքիան կարող է դառնալ անաչառ միջնորդ»: Ստացվում է, որ Ալիևի դանդաղ հետքայլերը տարբեր հարթակների բանակցություններից` մեկ նպատակ ունի` տեղը զիջել Թուրքիային:

Թուրքիան այն երկիրն է, որն ակտիվ մասնակցություն ունեցավ Արցախի դեմ 44-օրյա պատերազմում. բոլոր ուղղություններով օժանդակելով Ադրբեջանին` թե զենք-զինամթերքի հարցում, թե ահաբեկիչներին բերեց տարածաշրջան: Անկարայի դերը մեծ է նաև Արցախի ամբողջական հայաթափման հարցում: Ու հիմա այս հայատյաց պետությունը նպատակ ունի ստանձնել միջնորդի դեր` «խաղաղության պայմանագրի» ստորագրման հարցում:

Մտահոգիչ է նաև այն, որ Թուրքիայի դերի ակտիվացմանը, որպես միջնորդի, կողմ է նաև Արևմուտքը` ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան: Այս մասին շեշտել է նաև Սպիտակ տունը: Ստացվում է, որ ի հեճուկս Ռուսաստանի ու վերջինիս տարածաշրջանից հեռացնելու, Արևմուտքը պատրաստ է նպաստել Թուրքիայի դերի մեծացմանը: Փաստորեն, եթե Արևմուտքը հաջողի ի իր ծրագրում, այն է` հեռացնի ՌԴ-ին Հարավային Կովկասից, ապա ուղղակիորեն կնպաստի Թուրքիայի ամրապնդմանը Հարավային Կովկասում և Օսմանյան կայսրության վերականգնման ծրագրին: Արևմտյան այս սցենարը լրջագույն վտանգ է Հայոց պետականության ու հայ ժողովրդի համար:

Արցախը հայաթափված է, Հայաստանի Հանրապետության տարածքի 300 քառակուսի կմ-ը բռնազավթված է, իակ ՀՀ իշխանությունը նպատակ չունի ուժեղացնել մեր բանակը, փոխարենը մեջտեղ են բերել «խաղաղության խաչմերուկ», «խաղաղության պայմանագիր» ծրագրերը: Սրանք ոչ մի առնչություն չունեն Հայաստանի պետական շահի հետ: Շրջանառվում է տեղեկություն, թե դրանք մշակվել են Անկարայում ու Բաքվում…

Մինչ Հայաստանը պատրաստ է լուծումներ փնտրել և ավարտին հասցնել «խաղաղության պայմանագրի» նախապատրաստումը, իսկ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը ոգևորված հայտարարում է, թե մինչև դեկտեմբերի վերջ այն կստորագրվի, ընդդիմադիր պատգամավորները բացահայտում են` գործ ունենք խիստ վտանգավոր փաստաթղթի հետ:

«Խաղաղության պայմանագրի» նպատակը հետևյալն է` այդ փաստաթղթով Ալիևն ուզում է լեգիտիմացնել Արցախի զավթումը։ Նա պահանջում է, որ Հայաստանը հստակորեն ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86.6 հզ/կմ-ն, որի կազմում է նաև Արցախը: Մինչդեռ ինքը չի պատրաստվում ճանաչել Հայաստանի 29 հազար 800 ք/կմ-ն։ Ադրբեջանական ԶԼՄ-ները ևս նկատում են, որ Ադրբեջանը խուսափում է ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը թվերով, հնարավորություն թողնելով իր համար հետագայում ՀՀ տարածքից ինչ-որ հատվածներ գրավելու` դեմարկացիա-դելիմիտացիայի գործընթացի անվան տակ։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ևս անդրադարձել է «խաղաղության պայմանագրին», ասելով. «Ես չգիտեմ՝ խաղաղության պայմանագրում ինչ կա գրված: ըստ լուրերի՝ այդ պայմանագրում Արցախի մասին նշում չի լինելու: «Որեւէ մեկը տեղյա՞կ է, թե այնտեղ ինչ է գրված: Պայմանագիրը փաստաթուղթ է, որ հնարավոր է՝ հիմնված լինի որոշակի սկզբունքների վրա: Պայմանագիրը փաստաթուղթ է, որ պետք է ուսումնասիրել, հասկանալ, տեսնել. Եթե ես այդ փաստաթուղթը չեմ տեսել, ինչպե՞ս մեկնաբանեմ այդ փաստաթուղթը: Սա Հայաստանի կառավարիչների գործելաոճն է: Դուք հիշո՞ւմ եք որեւէ լուրջ պայմանագիր, որ Հայաստանի կողմից մինչեւ 2017-ը ստորագրվել է եւ ստորագրվել է գաղտնի: Չի եղել նման բան: Հայ-թուրքական հարաբերությունների մասին փաստաթղթերը հրապարակվել էին նախօրոք, ԼՂ խնդրի շուրջ բանակցային փաստաթղթերին բոլորը տեղյակ են եղել: Էս մարդիկ չեն ուզում, որ հանրությունը տեղյակ լինի»:

«Խաղաղության պայմանագիր» կոչված հակահայկական ծրագրին է անդրադարձել նաև ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, ահազանգելով, որ այդ փատաթղթում խոսք չկա Արցախի մասին: «Արցախի ժողովրդի իրավունքների մասին կետը հանված է ու ոչ մի խոսք չկա Արցախի մասին: Սկզբում եղել է մի կետ` 9-րդ կետը, որտեղ խոսվում էր Արցախի ժողովրդի իրավունքներից. սակայն այդ կետն այսօր հանված է և ոչ մի խոսք չկա Արցախի մասին: Եվ եթե մենք դա ստորագրում ենք` նշանակում է փակում ենք Արցախի էջը: Արցախի ժողովրդի` իր հայրենիք վերադառնալը պետք է մաս կազմի խաղաղության պայմանագրի: ՀՀ իշխանությունն ունի այդ վերջին հնարավորությունը, և դա Արցախի ժողովրդի նվազագույն իրավունքն է, իսկ դրա տերը պետք է լինի ՀՀ իշխանությունը: 9-րդ կետը պետք է վերադարձնել պայմանագրում ու խնդիրը ձևակերպել այնպես, որ Արցախի ժողովուրդը հնարավորություն ունենա վերադառնալ իր տները` ինչ-որ միջազգային երախիքներով: Այ դա գուցե կարող է խաղաղություն բերել երկու ժողովուրդներին: Դա նվազագույն իրավունքի պահանջ է: Դրա մասին խոսում են և՛ՌԴ-նը, և՛ Ֆրանսիան, ու միջազգային օրենքը դա թույլ է տալիս անել: Հիմա այդ անելը միմիայն կախված է ՀՀ իշխանությունից: Չպետք է ՀՀ իշխանությունը ստորագրի մի փաստաթուղթ, որն իր մեջ չի ներառի Արցախի իրավունքները: Ես պատրաստ եմ աշխատել ձեզ հետ՝ այդ հարցը օրակարգ բերելու: Դա հնարավոր է անել»,-ասել է Օսկանյանը։

Վարդան Օսկանյանի խոսքով, եթե դա ստորագրվի` նշանակում է փակում ենք Արցախի էջը:

Կարինե Գևորգյան