Երևանի քաղաքապետարանը 101 անգամ փոփոխություն է կատարել գնումների պլանում․ «Փաստինֆո»-

Երևանի քաղաքապետարանն այսօր gnumner.minfin.am կայքում հրապարակել է 2023 թվականի գնումների պլանի փոփոխությունները, որում ներառված են Երևանի քաղաքապետարանի կառավարման մարմնի պահպանման համար իրականացված ծախսերը։ «Փաստինֆո»ի տեղեկացմամբ, սա քաղաքապետարանի հրապարակած 101-րդ փոփոխությունն է։

Ըստ հրապարակման՝ Երևանի քաղաքապետարանի բյուջեից վերջին շրջանում ձեռք է բերվել ավելի քան 1 մլն 858 հազար դրամ ընդհանուր արժողությամբ 59 հատ տարբեր տեսակի և տարբեր արժեք ունեցող հուշանվերներ։

Դրանցից ամենաբարձր արժեք ունեցող հուշանվերի գինը, ըստ հրապարակման, կազմել է ավելի քան 333 հազար դրամ։ Ամենաէժան հուշանվերների արժեքը եղել է 10 000 դրամ։ Դրանցից քաղաքապետարանը գնել է 6 հատ։

Քաղաքապետարանը ձեռք է բերել նաև 580 հազար դրամ ընդհանուր արժողությամբ 100 հատ մեդալ և 272 հազար 800 դրամ արժողությամբ 220 հատ բացիկ։