ՌԴ քաղաքացին Նովոսիբիրսկ-Երևան չվերթի օդանավում հանկարծամահ է եղել

Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում: Ժամը 09:30-ի սահմաններում օդանակավակայից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժին ահազանգ է ստացվել, որ օդանավում քաղաքացին մահացել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մանուկյանի գլխավորությամբ: Ահազանգով ժամանել են նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Ավագյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Նովոսիբիրսկ-Երևան չվերթի օդանավում թռիչքի ժամանակ  հանկարծամահ է եղել ՌԴ քաղաքացի 65-ամյա Շ. Աղեկյանը: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: