ՌԴ-ից ասել են՝ խտրական վերաբերմունք որևէ երկրի, այդ թվում՝ Հայաստանի բեռների նկատմամբ չի լինելու. ՍԱՏՄ ղեկավար

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը հանդիպել է բուսասանիտարական ենթահսկման բեռներ արտահանող տնտեսավարողների հետ և ներկայացրել  ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության ղեկավարի հետ քննարկման արդյունքները։ ՍԱՏՄ ղեկավարը տեղեկացրել է ՌԴ գործընկերների դիրքորոշումը. խտրական վերաբերմունք որևէ երկրի, այդ թվում՝ Հայաստանի, բեռների նկատմամբ չի լինելու:

Նրանք վստահեցրել են, որ բեռներն անցնելու են փաստաթղթային, ֆիզիկական և լաբորատոր փորձաքննություն, և, խնդիրներ չհայտնաբերելու դեպքում, անարգել անցնելու են վրաց-ռուսական սահմանի Լարսի անցակետը:

Արմեն Հայրապետյանը տնտեսավարողներին նաև տեղեկացրել է, որ ինքը ռուսական կողմին երաշխավորել է, թե արտահանվող բուսասանիտարական ենթահսկման բեռների անվտանգության հավաստագրերը տեսչական մարմնի կողմից տրվելու են միայն մանրամասն ուսումնասիրությունից հետո: «Ամենայն ուշադրությամբ հետևեք արտահանման ներկայացվող արտադրանքի որակին, ապահովեք հետագծելիությունը. շեղումով որևէ բեռ ՀՀ սահմանը հատել չի կարող», – հորդորել է Տեսչական մարմնի ղեկավարը:

Տնտեսավարողները շնորհակալություն են հայտնել հանդիպման և իրենց խնդիրները ներկայացնելու հնարավորության համար, նաև հայտնել են, որ դեկտեմբերի 1-ից հետո իրենց բեռներից շատերն արդեն անարգել անցել են Լարսի սահմանակետը: