Ավտոներկրողները պահանջում են վերանայել մաքսազերծման տոկոսները․ բողոքի ցույց

Ավտոմեքենա ներկրած մի խումբ քաղաքացիներ այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են կազմակերպել։

Նրանք դժգոհում են կառավարության որոշման դեմ, ըստ որի, մինչև հունվարի 1-ը պետք է իրենց ավտոմեքենաները կա՛մ մաքսազերծեն, կա՛մ Հայաստանից դուրս հանեն։

Նրանք պահանջում են, որ նախ վերանայեն մաքսազերծման տոկոսները և 30 տոկոսից դարձնեն 10 տոկոս, երկրորդ՝ աջ ղեկով մեքենաների մասով զիջումներ անեն, որպեսզի կարողանան այդպես մաքսազերծել, քանի որ կան աջ ղեկով մեքենաներ, որոնց ղեկը չի կարող փոխվել աջից ձախ, երրորդ՝ երկարացնեն ժամանակահատվածը՝ գոնե 6 ամիս ժամկետով։

Նշենք, որ կառավարության նախորդ նիստում որոշում ընդունվեց, որ վրացական համարանիշներով մեքենաները պետք է մաքսազերծվեն և դրա համար պետությունը որոշակի չափով սուբսիդավորում է: Մասնավորապես, մինչև 5 տարեկան մեքենաների համար պետությունը սուբսիդավորում է մաքսատուրքի 30 տոկոսը, իսկ 5 տարի և ավելի տարիք ունեցող մեքենաների համար՝ 70 տոկոսը: Մեքենաների սեփականատերերը կվճարեն մաքսատուրքի 30 տոկոսը: