Ներկայումս պաշտոնավարող 309 դատավորներից 200-ը նշանակվել են 2018-ից հետո

«Դատական վեթինգի շրջանակներում տեղի են ունեցել դատավորների հսկայածավալ ազատումներ և նշանակումներ: Այսպես՝ ներկայումս պաշտոնավարող 309 դատավորներից 200-ը նշանակվել են 2018 թվականի հեղափոխությունից հետո,- հայտնում է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։

-«Վեթինգ»-ը ոչ այլ ինչ է, քան դատավորների բարեվարքության ստուգում և դատավորների կազմի նորացում: Վերջին տարիներին նոր նշանակված, ինչպես նաև առաջխաղացում ունեցած դատավորները, որոնք կազմում են գործող դատավորների շուրջ 60 տոկոսից ավելին, անցնել են բարեվարքության ստուգում: Բնականոն սերնդափոխության և զտման շրջանակներում 2018-2022 տարբեր հիմքերով դատական համակարգը լքել է 64 դատավոր, ևս 33 դատավոր հրաժեշտ է տվել պաշտոնին միայն 2023 թվականին։

Մեկ այլ կարևոր վիճակագրություն. հեղափոխությունից հետո կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքով դադարեցվել է 30 դատավորի լիազորություն, որից 8-ը դադարեցվել է վերջին մեկ տարվա ընթացքում:

Այս ամենը հնարավոր է դարձել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Արդարադատության նախարարության, Դատական դեպարտամենտի արհեսատավարժ աշխատանքի, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի բոլոր նախկին ու գործող անդամների մեծ ջանքերի շնորհիվ»։