Դագաղներով իշխանության եկածները չեն կարող խաղաղություն բերել հայ ժողովրդին․ «խաղաղության պայմանագիրը» թուրքական սցենար է

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը հասել է նրան, որ հարցականի տակ է դրել Հայաստանի երրորդ Հանրապետության  գոյությունը: Եվ ստեղծված  իրավիճակը մարտահրավեր է ուղղված մեր երկրի ինքնիշխանությանը, անկախությանը։

Հայաստանի երրորդ Հանրապետությունը ստեղծվեց հիմքում ունենալով  Արցախյան ազատագրական  շարժումը, Արցախյան  հաղթանակը, Հայկական Արցախը։ Մինչդեռ այսօր երրորդ Հանրապետության բոլոր հիմքերը խարխլված են․Արցախը հայաթափված է, հնարավոր ամեն ինչ արվում է մեր հաղթանակները զրոյացնելու, հանուն հայրենիքի մեր զինվորների անձնազոհությունը «հանուն ոչնչի» հայտարարելու համար:

Թշնամին միայն Արցախի հայաթափմամբ չի բավարարվում, բռնազավթված է նաև  Հայաստանի Հանրապետության 300 քառ/կմ տարածքը։ Ալիևը ոգևորված խոսում ու արդարացնում է իր բանակի կողմից Արցախը ուժով օկուպացնելը, և դրանով ռազմական նոր գործողությունների հիմք ստեղծում։ Մինչդեռ  Փաշինյանի իշխանությունը ոչ նպատակ ունի ուժեղացնելու հայկական բանակը, ոչ էլ նպատակ ունի ՀՀ տարածքից դուրս շպրտելու թշնամուն: Փոխարենը, մեջտեղ են բերել, այսպես կոչված,  «խաղաղության պայմանագիր»-ը ու ասում են` պետք է կենտրոնանանք խաղաղության օրակարգի վրա, մեզ խաղաղություն է պետք, շտապում են ժամ առաջ թշնամական պետության հետ ստորագրել այդ փաստաթուղթը, որի բովանդակությունը առ այսօր հայ ժողովրդին հայտնի չէ, հայտնի է մեկ բան՝ ազգային արժանապատվությունը պիտի մի կողմ թողնենք ու թշնամու հետ բարեկամություն  անենք, վերջ: Մի ծրագիր էլ են շրջանառում՝ «խաղաղության խաչմերուկ» անունով,  որ հասցրել են աշխարհով մեկ ցույց տալ, ասելով՝ Հարավային Կովկասում խաղաղության դարաշրջան ենք բացում, սահմանները պիտի բացվեն, պիտի հաստատվեն տնտեսական, մշակութային կապեր, պիտի լինի ազատ առևտուր, պիտի լինի բարեկամություն ու  խաղաղություն․․․

Փաշինյանը, ով 2020-ի պատերազմից հետո հայտարարում էր՝ Թուրքիան եկել է տարածաշրջան ցեղասպանական ծրագիրն ավարտին հասցնելու համար, հիմա ասում է՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ պիտի բարեկամություն անենք՝ թուրքերի ու ադրբեջանցիների առաջ բացելով մեր երկրի դռները։

Խաղաղությունը լավ բան է, քրիստոնյա հայ ժողովուրդը խաղաղության գինը լավ գիտի։ Բայց, թե ինչպե՞ս պետք է այդ ծրագրերը դառնան իրականություն, ինչպե՞ս է հնարավոր բարկամություն հաստատել թշնամու հետ, որն ընդամենը երկու ամիս առաջ ցեղասպանական գործողություններով հայաթափեց Արցախը ու հիմա էլ աչք է տնկել  Հայաստանի տարածքների վրա՝ քպ-ական իշխանությունը չունի  այս հարցերի պատասխանը։ Սրանց հայտարարություններից հասկանում ես՝ եթե Ալիևը որոշի ստորագրել «խաղաղության պայմանագիր» կոչվածը, ապա այն ամբողջովին կլինի ադրբեջանական կողմի պահանջների բավարարում՝ ի հաշիվ Հայաստան-Արցախի։

Ակնհայտ է, որ այս երկու փաստաթղթերի պատվիրատուն Ադրբեջանն ու Թուրքիան են: Կեղծ խաղաղության սցենարը հարկավոր է այս երկուսին, որ խաղաղության անվան տակ վերջնականապես կկլանեն Հայաստանի Հանրապետությունը՝ ի կատար ածելով  պանթուրքական ծրագիրը: Հայաստանի քպ-ական իշխանությունը թուրքական ծրագրի իրականացնողն է։ Այլ բան պետք չէր սպասել 2018-ին ադրբեջանաթուրքական փողերով իշխանության եկածներից: 2018-ի «թավիշը» իրականում հակահայական հեղաշրջում էր։ Իզուր չէ, որ  եկան ու սկսեցին բանակը հեղինակազրկել, հաղթանակած գեներալներին վարկաբեկել, պատահական չէր, որ  սրանց թիրախում հայտնվեց ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, ում ժողովրդի աչքին հրեշ սարքեցին` դարձնելով «տուշոնկի գող», որովհետև այդպես էր ուզում Ալիևը, ով Արցախն ազատագրած Մանվել Գրիգորյանի գլխի համար հազարավոր դոլարներ էր խոստացել։ Թուրքական փողերով իշխանության եկածները սկսեցին հարված հասցնել մեր ազգային արժեքներին, սկսեցին Եկեղեցուն հարվածել, սպառնացին ծնկի բերել հայ հոգևորականներին։ Հետո հարվածն ուղղվեց հայկական ավանդական ընտանիքին։ Տրանսգենդերի մուտքը ՀՀ օրենսդիր մարմին եղել է Փաշինյանի իշխանության օրոք, Փաշինյանը այն միակ ղեկավարն է, ով  համասեռամոլներին վերցրեց իր հովանու տակ: Այդ մասին է փաստում ԿԳՄՍ  նախարարության կողմից  սեռափոխվածի մասին ֆիլմի ֆինանսավորումը։

Ինչևէ, այս մարդիկ հիմա թուրքական պատվիրված սցենարով՝ խաղաղության անվան տակ, պատրաստվում են մաս մաս ոչնչացնել Հայաստանի երրորդ Հանրապետությունը։ «Խաղաղության պայմանագիր», «խաղաղության խաչմերուկ» անունը կրող  ծրագրերն էլ Հայկական պետությունը կազմալուծող, կազմաքանդող սցենարներ են` «խաղաղություն» անվան տակ։  Փաշինյանն այս կերպ ուղղակի   օգնում է Ալիևին՝ ամրացնելու սեփական հաղթանակները:

ՄԵԶ ՄԱՏՈՒՑՎՈՒՄ Է ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» մասին ասել է.

«Կոնկրետ ես չգիտեմ, թե ինչ տեքստ ու տեսք ունի այն խաղաղության պայմանագիրը, որը պատրաստվում է կնքել Հայաստանի կառավարիչը:

Այլ երկրների մամուլից ենք որոշակի եզրակացություններ անում և տեսնում ենք, որ ամեն անգամ մենք գնում ենք նոր զիջումների, ամեն անգամ:

Եվ դա ինչպես կարելի է կոչել խաղաղության պայմանագիր: Եթե այդպիսի պայմանագիր ստորագրվի, ապա այն ճիշտ կլինի կոչել պարտադրված խաղաղության պայմանագիր, իսկ պարտադրված խաղաղության պայմանագիրը նույն կապիտուլյացիան է:

Հիշում եք, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի հրապարակումից հետո, «կապիտուլյանտ» բառը ինչպես դաջվեց նրա վրա, և ես վստահ եմ՝ այսպիսի խաղաղության պայմանագրի ստորագրվելուց  հետո,  նա կոչվելու է «կրկնակ կապիտուլյանտ»:

Անարդար խաղաղությունը պատճառ է նոր պատերազմի»:

 

ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

ՔՊ-ն իշխանության եկավ սև ժապավեններով ու դագաղներով․ դրանք պտտում էին ամբողջ հանրապետությունով մեկ…

Հետո եղավ պայմանավորված պատերազմ և ունեցանք 7000  զոհ, 15 000 վիրավոր․ հազարավոր ընտանիքներ քանդվեցին, մարդկային ճակատագրեր խեղվեցին…

Մի բան փաստ է` դագաղներով իշխանության եկածները երբեք չեն կարող հայի համար դառնալ խաղաղություն հաստատողներ…

Սա պիտի գիտակցի հայ ժողովուրդն ու ոտքի կանգնի իր երկիրը թուրքական խամաճիկներից ազատագրելու համար։

Կարինե Գևորգյան