Զինվորական ծառայության վերաբերյալ նախագիծը Հայկ Սարգսյանի առաջարկով հանվել է նիստերի օրակարգից

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթը դեկտեմբերի 11-ին հանվել է Ազգային ժողովի նիստերի օրակարգից, այն կքննարկվի դեկտեմբերի 12-ին կայանալիք ԱԺ արտահերթ նիստում։

«Փաթեթը հեղինակի առաջարկով հանվել է հերթական նիստերի օրակարգից»,- այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Առաջարկվող նախագծով նախատեսվում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ անցնելու զինվորական ծառայություն՝ միաժամանակ ՀՀ պետական բյուջե վճարելով համապատասխան գումարներ, կամ՝ առանց զինվորական ծառայություն անցնելու, պետական բյուջե վճարելով համապատասխան գումար՝ նշված բոլոր դեպքերում ազատվելով քրական պատասխանատվությունից:

Մասնավորապես.

Նախագծով 27-ից 37 տարեկան քաղաքացուն հնարավորություն է տրվում՝

1) զինվորական ծառայություն անցնել  24 ամիս ժամկետով,

2) զինվորական ծառայություն անցնել  12 ամիս ժամկետով և ՀՀ պետական բյուջե վճարել երկու միլիոն հինգ հարյուր հազար ՀՀ դրամ,

3) զինվորական ծառայություն անցնել  6  ամիս ժամկետով և ՀՀ պետական բյուջե վճարել հինգ միլիոն ՀՀ դրամ,

4) զինվորական ծառայություն անցնել 1 ամիս ժամկետով և ՀՀ պետական բյուջե վճարել տասը միլիոն ՀՀ դրամ,

5) զինվորական ծառայության փոխարեն ՀՀ պետական բյուջե վճարել տասնհինգ  միլիոն ՀՀ դրամ»։