Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2020-2023 թթ․ 18 գործ է հարուցել ԱԺ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ

2020-23 թթ․ Ազգային ժողովի պատգամավորների կամ փոխկապակցված անձանց նկատմամբ 18 վարույթ է հարուցվել: Ազգային ժողում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկմանն ասաց  թեկնածուներից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցիչ Նարինե Ավետիսյանը։

«Սրանք միայն վերաբերում են շահերի բախում,  անհամատեղելիություն և այլն։ Ունեցել ենք ԱԺ պատգամավոր Վարդան Աթաբեկյանի հետ կապված վարույթ, 2021-ին հինգ պատգամավորի հետ կապված հարուցված վարույթ է եղել` Հայկ Սարգսյան, Անի Սամսոնյան, Արսեն Միխայելով, Հակոբ Սիմիդյան, Վահե Ղալումյան, իսկ 2022-ին երեք վարույթ է հարուցվել կրկին Վահե Ղալումյանի,  Արթուր Մանուկյանի ու Հայկ Գևորգյանի նկատմամբ», – նշեց Ավետիսյանը:

Նա հայտնեց, որ 2020 թվականին վարույթ է եղել Գագիկ Ծառուկյանի հետ կապված, 2023 թվականին ՔՊ-ական պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանի, Խաչատուր Սուքիասյանի, Գուրգեն Արսենյանի հետ կապված վարույթներ են հարուցվել: Իսկ ընդդիմադիր պատգամավորներից վարույթներ են հարուցվել Աննա Գրիգորյանի, Գեղամ Նազարյանի ու Արմեն Չարչյանի մասով, ընդ որում, Արմեն Չարչյանի հետ կապված եղել է երկու վարույթ:

Նարինե Ավետիսյանը նշեց, որ ունեցել են վարույթներ, որոնք կարճվել են, որոշակի պատասխանատվության, տույժի տեսակներ չեն կիրառվել, եղել են վարույթներ, որոնք  կասեցվել և դատախազություն են ուղարկվել։