ԱԺ-ը դեկտեմբերի 12-ին արտահերթ նիստ կհրավիրի. օրակարգում 3 հարց է

ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 12-ին արտահերթ նիստ կգումարի: Նման որոշում կայացրեց կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 7-ի նիստում:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Ազգային ժողովի հերթական նստաշրջանները գումարվում են տարեկան 2 անգամ՝ հունվարի երրորդ երկուշաբթիից մինչև հունիսի երրորդ հինգշաբթին և սեպտեմբերի երկրորդ երկուշաբթիից մինչև դեկտեմբերի երրորդ հինգշաբթին:

Օրակարգում ներառված հարցերը գտնվում են ԱԺ շրջանառության փուլում։ Օրակարգային երկու հարց չէին կարող ներառվել դեկտեմբերի 5-ից գումարվող հերթական նիստերի օրակարգ, ուստի նախագծերի քննարկմանև ընդունման հրատապությունը հաշվի առնելով,  առաջարկվում է դրանք քննարկել արտահերթ ընթացակարգով։

Օրակարգում հետևյալ հարցերն են.

«Հայաստանի Հանրապետության և ՕՊԵԿ-ի միջազգային զար¬գացման հիմնադրամի միջև« Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի նախագիծ

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ:

Առաջարկվում է դեկտեմբերի 12-ին ժամը 11:00-ին գումարվող նիստի օրակարգային «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ դրա ընդունումից հետո՝ 24 ժամվա ընթացքում, իսկ նախագծերի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանել երեքական ժամ: