Երևի տեխնիկական թյուրիմացություն է եղել․ Արարատ Միրզոյան
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը երևի տեխնիկական թյուրիմացություն է եղել։ Այս մասին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` պատասխանելով պատգամավորի հարցին։
Ավելի վաղ հրապարակվել էր Միրզոյան–Լավրով հանդիպման մեկնարկի տեսագրությունը, որտեղ ՌԴ ԱԳ նախարարը Միրզոյանին հարցնում է` արդյոք Վիեննայում Հայաստանի դեսպանն ինքնուրույն է աշխատում:
«Ես տեսել եմ հանդիպման այդ հատվածը, որը ՌԴ ԱԳՆ–ն տարածել էր։ Ամենայն հավանականությամբ թյուրիմացություն է, ընդամենը տեխնիկական թյուրիմացություն։ Սերգեյ Լավրովը կարծում էր, որ հանդիպման նախաձեռնությունը ԵԱՀԿ–ում մեր մշտական ներկայացուցչի կողմից է եղել, մինչդեռ, իմ տվյալներով դա այդպես չէ։ Ես ասում էի, որ այդ հանդիպումը մենք չենք նախաձեռնել»,– նշեց Միրզոյանը։
Ինչ վերաբերում է հանդիպման օրակարգին, ապա նրա խոսքով` Հայաստանն ու Ռուսաստանը տարբեր ոլորտներում քննարկելու շատ հարցեր ունեն, այդ թվում` իրավիճակը տարածաշրջանում։
«Ռուսաստանի հետ մենք միշտ քննարկելու հարց ունենք։ Մենք միշտ հաճույքով օգտագործում ենք նման առիթները շփումների համար»,– ասաց Միրզոյանը։
Նրա խոսքով` Լավրովը հանդիպման ընթացքում ներկայացրել է աշխարհաքաղաքական մի շարք իրադարձությունների վերաբերյալ Մոսկվայի մոտեցումները։ Հայաստանն էլ իր հերթին ներկայացրել է է այդ մոտեցումների վերաբերյալ իր տեսլականը։ ՀՀ ԱԳ նախարարը արդյունավետ համարեց ռուս գործընկերոջ հետ իր հանդիպումը։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները հանդիպել էին Սկոպյեում։ Նրանք մեկնել էին այնտեղ` մասնակցելու ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովին։