Դատարանն անփոփոխ թողեց Մամիկոն Ասլանյանի խափանման միջոց կալանքը

ՀՀ հակակոռուպցիոն դատարանն այսօր՝ դեկտեմբերի 6-ին, անփոփոխ թողեց արդեն երկու տարի անազատության մեջ գտնվող Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոց կալանքը:

Հիշեցնենք՝ Մամիկոն Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Մամիկոն Ասլանյանը, 2016 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող գործադիր մարմնի, ինչպես նաև համայնքապետարանում կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները, դիտավորությամբ ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և կատարել է պաշտոնական կեղծիք:

Մամիկոն Ասլանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Ըստ նրա՝ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

2021 թ դեկտեմբերի 5ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում հաղթել էր Մամիկոն Ասլանյանի գլխավորած «Մամիկոն Ասլանյան» դաշինքը։ Դեկտեմբերի 15ին Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել էր, ապա՝ կալանավորվել։

Համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով ավագանու նիստ հրավիրվել էր դեկտեմբերի 24-ին, որը, սակայն, գրեթե մեկ տարի անց էլ չի կայացել,   քանի որ Վարչական դատարանը ԼՀԿ-ի հայցի հիման վրա՝ միջանկյալ միջոց էր կիրառել և արգելել Վանաձորի ավագանուն համայնքապետ ընտրելու օրակարգով ավագանու նիստ հրավիրել։

Դատական պրոցեսների պատճառով 7 ամիս է՝ պարալիզացված էին Վանաձոր խոշորացված համայնքի աշխատանքները։ Ապրիլին, իշխանությունները օրենք փոխեցին, որով վարչապետը լիազորություն ստացավ նշանակել համայնքապետի պաշտոնակատար։ Մայիսի 13–ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արկադի Փելեշյանը նշանակվեց Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար, սակայն Վանաձորում ճգնաժամը չլուծվեց։