Բուլղարիայի նախագահը վետո է կիրառել Ուկրաինային անվճար զրահատեխնիկա փոխանցելու մասին պայմանագրի նկատմամբ

Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը վետո է կիրառել նոյեմբերի 22-ին խորհրդարանի կողմից հաստատված ՆԳՆ-ի զրահատեխնիկան Ուկրաինային անվճար փոխանցելու մասին պայմանագրի նկատմամբ, գրում է ՏԱՍՍ-ը:

Երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ռադևը կարծում է, որ այդ զրահատեխնիկան անհրաժեշտ է բուլղարացի սահմանապահներին և փրկարարներին։

«Ուկրաինային հատկացված զրահատեխնիկան կարող է օգտագործվել բուլղարական սահմանը պաշտպանելու և բնակչությանը աղետների և դժբախտ պատահարների ժամանակ օգնություն տրամադրելու համար։ Բուլղարիայի քաղաքացիների կյանքն ու առողջությունը պետք է լինի գլխավոր առաջնահերթությունը»,- ասել է նախագահը` համաձայնագիրը վերադարձնելով խորհրդարան` վերանայման:

Ավելի վաղ պատգամավորները հաստատել են Բուլղարիայի ՆԳՆ-ի և  Ուկրաինայի պաշտպանության նախարարության միջև զրահատրանսպորտային տեխնիկայի անվճար տրամադրման մասին համաձայնագիրը։

Տեխնիկայի փոխանցմանը կողմ է քվեարկել իշխող մեծամասնության 152 պատգամավոր, դեմ՝ ընդդիմադիր կուսակցությունների 57 ներկայացուցիչ։