Գազան նորից դարձել է երեխաների համար ամենավտանգավոր տեղն աշխարհում․ ՄԱԿ

ՄԱԿ Մանկական ֆոնդի (ՅՈՒՆԻՍԵՖ) գործադիր տնօրեն Քետրին Ռասելը հայտարարել է, որ պատերազմի վերսկսվելուց հետո Գազան նորից դարձել է «ամենավտանգավոր տեղը երեխաների համար»։

Ռասելի խոսքով՝ հարյուրավոր երեխաներ կմահանան ամեն օր, եթե բռնությունը վերադառնա այն մասշտաբներին և ինտենսիվությանը, որոնք նկատվում էին մինչ յոթնօրյա դադարը, որն ավարտվեց ուրբաթ։

«Այդպես չպետք է լինի, յոթ օրվա ընթացքում հույսի շող էր նշմարվել։ Ավելի քան 30 երեխաներ, որոնք պատանդ էին Գազայում, բարեհաջող ազատվել են և վերամիավորվել իրենց ընտանիքների հետ։ Իսկ հումանիտար դադարը թույլ տվեց ավելացնել բեռների մատակարարումը Գազա և նրա սահմաններից դուրս։ Երեխաներին անհրաժեշտ է  հումանիտար հրադադար։ Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին ապահովել երեխաների պաշտպանությունը և օգնությունը՝ միջազգային հումանիտար իրավունքին համապատասխան։ Բոլոր երեխաները Պաղեստին պետությունում և Իսրայելում արժանի են խաղաղության և ավելի լավ ապագայի հույսի»,- նշել է Ռասելը Х-ի իր միկրոբլոգում։