«Ռոսսելխոզնադզորը» պաշտոնական նամակ է ուղարկել Հայաստանին

2023 թվականին Ռոսսելխոզնադզորի տարածքային բաժինները Հայաստանի Հանրապետությունից ստացված ծաղկի, մրգի և բանջարեղենի արտադրանքներում հայտնաբերել են կարանտինային վնասատուների հայտնաբերման 72 դեպք։ Այդ մասին  տարածված հաղորդագրության միջոցով հայտնում է ՌԴ Ռոսսելխոզնադզորը:

«Նոյեմբերին արձանագրվել է խախտումների կտրուկ աճ՝ միայն նոյեմբերի 24-ից 26-ը Ռուսաստան վարակված ծաղիկների, վարունգի, չրերի, խաղողի, ծաղկակաղամբի, լոլիկի, պղպեղի, սմբուկի, խնձորի, տանձի ներկրման 36 դեպք է արձանագրվել և դրանք ՌԴ սահման են հասել Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրված բուսասանիտարական հավաստագրերի ուղեկցությամբ։ Բուսական արտադրանքներում ԵԱՏՄ անդամ երկրների համար կարանտինային օբյեկտներ են հայտնաբերվել ՝ արևելյան պտղակեր (Grapholita molesta (Busck), լոլիկի շագանակագույն կնճռային վիրուս (Tomato brown rugose fruit virus),, արևմտյան ծաղկային թրիպս (Frankliniella occidentalis Pergand):

Բացի այդ, նոյեմբերին հայտնաբերվել է Հայաստանից ստացված լոլիկի, ելակի, խնձորի և խաղողի մեջ թունաքիմիկատների մնացորդների առավելագույն թույլատրելի չափը գերազանցելու 5 դեպք, ինչը կարող է վկայել արտադրողների կողմից թունաքիմիկատների օգտագործման կանոնակարգի խախտման մասին։

Այս ամենը վկայում է Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վերահսկողության նվազման մասին և վտանգ է ներկայացնում Ռուսաստանի բուսասանիտարական բարեկեցությանը։

Բոլոր խախտումների մասին «Ռոսսելխոզնադզորը» տեղյակ է պահել Հայաստանի իրավասու գործակալությանը, սակայն դեռևս տեղեկություն չի ստացել կատարված ուսումնասիրությունների մասին։

Հաշվի առնելով այս իրավիճակը՝ «Ռոսսելխոզնադզորը» պաշտոնական նամակ է հղել Հայաստանին՝ խնդրելով անհապաղ ձեռնարկել համապարփակ միջոցներ՝ կանխելու վարակված արտադրանքի առաքումները Ռուսաստան և տեղյակ պահելու ՌԴ գերատեսչությանն այս ուղղությամբ կատարված աշխատանքների մասին։

Միաժամանակ, սահմանին բուսասանիտարական հսկողությունն իրականացվում է սովորական ռեժիմով, Հայաստանից եկող բեռների ստուգման և մաքսազերծման կանոնները չեն փոխվել»,-ասվում է հաղորդագրությն մեջ։