«Վարկանիշ» 2023-ի առաջատարները

Նոյեմբերի 26-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում կայացավ «Վարկանիշ» ընկերության կազմակերպած THE LEADER 2023 մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Մեծարման երեկո, որը տնտեսության ու գիտության առաջատար ընկերությունների և ականավոր անհատների գնահատանքն է: Մրցանակաբաշխության համար հիմք են հանդիսացել «Էմպիրիկա» հետազոտական ընկերության կատարած սոցիոլոգիական հարցումները և փորձագիտական եզրակացությունները։

Միջոցառման անվանակարգերում ներկայացված էին ՀՀ տնտեսության՝ արդյունաբերության, արտադրության, ՏՏ և մի շարք այլ ճյուղերի առաջատարները՝ վերջին տարիներին երկրի զարգացմանը միտված գործունեություն ծավալող ընկերություններ, վաստակավոր գիտնականներ, գործարարներ, հաջողակ և տաղանդավոր անհատականություններ: Հայաստանյան գիտատեխնիկական ոլոր-տում ներդրման և տարիների վաստակի, ռազմարդյունաբերության ոլորտում նշանակալի դերակատարման համար «Էլեկտրոն» և «Երևանի Կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» ընկերություններին արժանի մրցանակը հանձնեց Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանը: Ուսումնասիրությունների արդյունքում «Հաշվապահական և հարկային ոլորտում լավագույն ուսումնական կենտրոն» ճանաչվեց Հաշվապահների Հայկական Ասոցիացիայի ուսումնական կենտրոնը: «Հուսալի և վստահելի ապահովագրական գործակալություն» մրցանակը շնորհվեց «Հայաստանի արտահանման ապահովա-գրական գործակալություն» ԱՓԲԸ-ին: Որպես ՀՀ ազգային և ԵԱՏՄ համապատասխանության առաջատար սերտիֆիկացման մարմին և լաբորատորիա «THE LEADER 2023» մրցանակի արժանացավ «ԱՐՄՍԵՐՏ» ընկերությունը, բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջատարներ ճանաչվեցին «Յունիքոմփ» և «Լոկատոր» ընկերությունները: Հանրապետության հարավային՝ Կապանի տարածաշրջանի ռազմավարական նշանակության ճանապարհների կառուցման և սպասարկման համար  «THE LEADER 2023»-ը շնորհվեց «Կապան Ճանշին»-ին:

«THE LEADER 2023» մրցանակի արժանացան նաև անձանային բարձր որակական հատկանիշներով օժտված և սեփական գիտելիքներն ու կարողություններն ի նպաստ երկրի շահերի ծառայեցնող անհատներ՝ տնտեսագետ, գիտնական, գործարար Կարեն Ասատրյանը և «Դայմոնդ սթայլ» ընկերության հիմնադիր-տնօրեն, կին առաջնորդ Նարինե Չարչյանը:

Հարցումների արդյունքում մսամթերքի և կաթնամթերքի արտադրության մեջ առաջատարներն են «Բեկոն» և «Թամարա» ընկերությունները, ալկոհոլային խմիչքների արտադրության մեջ առաջատարի դիրքում է Երևանի շամպայն գինիների գործարանը: Արտադրության մեջ բարձր վարկանիշ ունեցող ընկերություններ ճանաչվեցին խոշոր արտադրողներ «Սարանիստ» և «Օվալ պլաստիկ» ընկերությունները: Գնի և որակի լավագույն համադրման արդյունքում «THE LEADER 2023» ճանաչվեց «Զովք» սուպերմարկետների ցանցը:

Կարևորելով Հայաստան-Սփյուռք համագործակցությունն ու աշխարհասփյուռ հայերի անգնահատելի դերը հայաստանյան տնտեսության զարգացման գործում՝ անվանակարգերում ներկայացված էին նաև միջազգային հարթակում խոսուն դերակատարում ունեցող ինչպես հայկական «Beneluxe Vodka», «Villa La Bella» ընկերությունները, այնպես էլ միջազգային կազմակերպություններ, ինչպես աշխարհի ավելի քան 90 երկրում առաջատար Herbalife բալանսավորված սնունդը: Մրցանակները հանձնելու համար հրավիրված էին ոլորտների առաջատար մասնագետներ՝ «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի տնօրեն Անի Օբոսյանը, «Synergy International Systems» կազմակերպության հիմնադիր և նախագահ Աշոտ Հովհաննիսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներդրումային ծրագրերի վարչության պետ Լուսինե Նահապետյանը և այլք:

Արդեն ավանդույթ է դարձել. «Վարկանիշ» ընկերության կողմից կազմակերպվող մեծարման երեկոներն ամփոփվում են հաճելի անակնկալով: Այս անգամ ևս «Էնի Վիշ» տուրիստական ընկերությունը ամենահաջողակ հանդիսատեսի համար պատրաստել էր հաճելի անակնկալ՝ ուղևորություն դեպի Իտալիա:

Միջոցառման ինֆորմացիոն գործընկերն էր «Ժողովուրդ» օրաթերթը և «armlur.am» լրատվական կայքը:

«THE LEADER 2023»-ը լավագույն հնարավորություն է արժանավույնս գնահատելու հանուն Հայրենիքի առաջընթացի գործող կազմակերպություններին և անհատներին, ստեղծելու համագործակցությունների յուրատիպ հարթակ, որտեղ հնարավոր է ներկայացնել սեփական գործունեությունը համապատասխան միջավայրում և գտնել ապագա գործընկերներ:

«THE LEADER 2023»-ը բովանդակային առումով շարունակում է տարբեր տարիներին «Վարկանիշ» ընկերության կողմից կազմակերպված «Մերկուրի», «Սպառողի գնահատական» մեծարման երեկոների գաղափարախոսությունը։