ՀՀ իշխանության արկածախնդրությունն ինչի առաջ կարող է կանգնեցնել Հայաստանը

Իսրայելական սպառազինությամբ բեռնված հերթական՝ վեցերորդ ինքնաթիռը նախօրեին վայրէջք կատարեց Բաքվում: Ռազմական փորձագետները նկատում են` նոր զինատեսակներ է Իսրայելից հասել Ադրբեջան, որն ինտենսիվ զինվում է հարձակողական զենքերով։ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական նոր գործողությունների, զուգահեռաբար Ալիևը ավելացնում է իր ռազմատենչ հռետորաբանությունը: Զենքի գնման վրա միլիարդավոր դոլարներ ծախսող Ադրբեջանը Հայաստանին է մեղադրում բանակը զինելու հարցում, այն դեպքում, երբ Երևանը խոսում է միայն «խաղաղության պայմանագրից» ու «խաղաղության խաչմերուկ»-ներից։

***

Ռազմական տեխնիկայի գնման-ներկրման թեման ՀՀ իշխանությունը շարունակում է որպես «փիառվելու» առիթ օգտագործել: Տարբեր եթերներից քպ-ականները ոգևորված ասում են` Եվրոպայից մեծ ակնկալիքներ ունենք, անվտանգության ոլորտում սկսում ենք լայն համագործակցություն, Եվրոպան օգնելու է ՀՀ-ին անվտանգության հարցում, Եվրոպան, հանձին Ֆրանսիայի, Հայաստանին ռազմական օժանդակություն է ցույց տալիս` մատակարարելով զրահատեխնիկա: Հրճվանքով խոսում են հատուկ Հայաստանի համար վրացական նավահանգստում բեռնաթափված ֆրանսիական «Բաստիոն» բազմաֆունկցիոնալ զրահապատ մեքենաներից:

Այնքան ոգևորվեցին ֆրանսիական «բաստիոնի» գալով, որ նորից մեջտեղ են բերել ՀԱՊԿ-ից դուրս գալու թեման: ԱԽՔ-ից մինչև ԱԺ նախագահ նորից դժգոհեցին, թե ՀԱՊԿ-ից օժանդակություն չտեսանք, մինչդեռ Ֆանսիան աջակցում է մեզ ու օգնում մեր անվտանգության ամրացմանը: Մեկ այլ քպ-ական էլ՝ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, բարձրաձայնեց ՔՊ-ի նպատակների մասին. «Եթե պահը հասունանա ու պետք լինեն որոշումներ կայացնել, գուցեև կայացվի ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշումը»:

Եվ այսպես, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ նոյեմբերի 23-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող նիստին Փաշինյանը չի մասնակցում, միաժամանակ Երևանը ՀԱՊԿ դաշնակիցներին խնդրել է օրակարգից հանել Հայաստանին օգնության մասին փաստաթուղթը։ Թե ինչի՞ց է հրաժարվել Փաշինյանի իշխանությունը, ՀԱՊԿ քարտուղարությունը տեղեկացրեց հետևյալի մասին․ «Խոսքը վերաբերում է «Հայաստանի Հանրապետությանն օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագծերին և այդ տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին աջակցող ԱԳՆ ղեկավարների հայտարարությանը։ Մինսկում ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերի նախօրեին հայկական կողմն առաջարկել է քննարկումից հանել հայտարարության նախագիծը», – ասված է ՀԱՊԿ քարտուղարության մեկնաբանության մեջ: Ի՞նչ է ստացվում, պատերազմի շեմին գտնվող երկիրը հրաժարվում է ՀԱՊԿ ռազմական օգնությունից։ Փաշինյանը, որը օրեր առաջ հայտարարեց, թե Ադրբեջանը կարող է հարձակվել ՀՀ-ի վրա, բայց հրաժարվեց մասնակցել ՀԱՊԿ նիստին, իսկ տարբեր «կալիբրի» քպ-ականներ արդեն խոսում են ՀԱՊԿ անվտանգային հովանոցից Հայաստանի դուրս գալու մասին:

Փաշինյանի կառավարության հաջորդ քայլը, ամենայն հավանականությամբ, կլինի ՀԱՊԿ անդամակցությունից հրաժարումը։ Սա արկածախնդրություն է՝ դրանից բխող բոլոր վտանգավոր հետևանքներով։

ԱՆԱՊԱՏԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԶՐԱՀԱՄԵՔԵՆԱՆ Ի՞ՆՉ ԳՈՐԾ ՈՒՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԵՌՆԵՐՈՒՄ

Դառնանք Հայաստան ուղարկված ֆրանսիական զրահատեխնիկային. արդյո՞ք սա այն է, ինչն անհրաժետ է ու օգտակար մեզ: Համեմատական կարգով ասեմ` ահռելի գումարներ, զենք-զինամթերք է հավաքական Արևմուտքը տվել Ուկրաինային. 240 մլրդ եվրոյին գերազանցող օգնություն, 1000-ավոր տանկեր, «Պատրիոտ» համակարգեր, զրահամեքենաներ… Եվ բնականաբար, հարց է առաջանում, իսկ նույն Եվրոպան՝ հանձին Ֆրանսիայի, պատրա՞ստ է Հայաստանին մեծ քանակով զենք մատակարարել, այնքան, որ Հայաստանը կարողանա դիմակայել թշնամական երկրներին, որոնցից մեկը ՆԱՏՕ-ի անդամ է և ունի հզոր բանակ:

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը ֆրանսիական զրահամեքենայի մասին ասաց հետևյալը. «Բաստիոն» կոչվող զրահամեքենան, որը նախատեսված է 8 մարդու համար, անիվավոր է, ոչ թրթուրավոր: Այն արտադրվել է աֆրիկյան գաղութներում, օրինակ` Նիգերում հնարավոր ապստամբությունները ճնշելու համար: Անապատում պետք են ընդամենը արագընթաց մեքենաներ գաղութարար ֆրանսիացիների դեմ ապստամբողներին` բնիկներին զսպելու համար: Իսկ աֆրիկյան բնիկների ձեռքին հո լուրջ հակատանկային նռնականետեր, կամ տանկեր ոչնչացնող անօդաչու թռչող սարքեր չկան: Կնշանակի՝ այդ մեքենաները չունեն ուժեղ պաշտպանիչ շերտ և հակատանկային ցանկացած միջոցով՝ մեկ կրակոցով, կարող են ոչնչացվել: Ֆրանսիական զրահամեքենաները միայն մեկ առավելություն ունեն` անապատում շարժիչը չի կանգնում, մեծ արագություն է բացում: Այսինքն, այդ մեքենաները լուրջ պատերազմի համար նախատեսված չեն»:

Հարց է առաջանում՝ անապատի համար նախատեսված զրահամեքենան ի՞նչ գործ ունի Հայաստանի լեռներում, ի՞նչ խնդիր է լուծելու: Հայտնի չէ, թե այդ զինտեխնիկան որևէ պատերազմում իրեն արդարացրե՞լ է, թե ոչ, բայց հայտնի է, որ Ուկրաինան հրաժարվել է գնել ֆրանսիական զրահամեքենաները: Ինչի՞ վրա են սրանք ծախսում երկրի գումարները: Ստացվում է, գործ ունենք հերթական խաբեության հետ, այն, ինչ արեցին հայտնի ՍՈՒ-30 SM ինքնաթիռների գնման ժամանակ: Փաշինյանը հայտարարում էր, թե Հայաստանի ձեռք բերած ՍՈՒ-30 SM ինքնաթիռները գերժամանակակից հզոր զենք են, սակայն այդ «գերհզոր»-ները 44-օրյա պատերազմի ժամանակ այդպես էլ չկրակեցին․․․

ՖՐԱՆՍԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՎԱՃԱՌԵԼ Է ՈՉ ՊԻՏԱՆԻ ՄԻ ԲԱՆ

Ֆրանսիական «Բաստիոնի» թեման չշրջանցեց անգամ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ու պատասխանելով լրագրողի հարցին, որը վերաբերում էր ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, թե ՀՀ իշխանություններին լիովին բավարարում է Ֆրանսիայի մատակարարած սպառազինությունը, ասաց.

«Ուկրաինայում ֆրանսիական «Բաստիոն» զրահամեքենաները բավականին ցածր արդյունավետություն են ցուցաբերել իրական մարտական գործողությունների պայմաններում» ու ֆրանսիական զրահամեքենաների վրա, այսպես ասած, հույսը դնելը, միամիտ անվանեց:

«Եթե պարզապես հրապարակներում ցուցադրելու համար է, միգուցե իմաստ կա, բայց եթե արդյունավետության մասին խոսենք, կարող են գալ, մեր զինվորականները պատմել։ Պարզապես Ֆրանսիան Հայաստանին վաճառել է ոչ պիտանի մի բան, որը Փարիզը չի կարողացել իրացնել այլ ուղղություններում»,- նշեց Զախարովան։

Զախարովայի համար առեղծված է, թե ինչպես կարող է դա նպաստել Հայաստանի սուվերեն տարածքի պաշտպանությանը։ Նա նաև շեշտեց, որ ռազմական տեխնիկայի նման «սոլյանկան» երբևէ չի նպաստել երկրի պաշտպանունակության բարձրացմանը։

«ԻՆՉՔԱ՞Ն ԿԱՐԵԼԻ Է ՍՈՒՏ ԱՍԵԼՈՎ ԵՐԿԻՐԸ ՎԱՐԻ ՏԱԼ»

Անցած շաբաթ քպ-ական ԱԳ նախարար Միրզոյանը՝ իր խմբակին բնորոշ մեծամտությամբ հայտարարարեց. «Հայաստանը կարողանում է զենք ձեռք բերել անհամեմատ ավելի շատ ու անհամեմատ ավելի շատ երկրներից, քան ձեր քաղաքական կուսակցությունը կհանդգներ կամ կերազեր ամենապայծառ երազում»։ Հետո դիմեց քպ-ի հայտնի գործելաոճին՝ ստին, ասելով․ «Սովոր էիք, համակերպված էիք, որ «պիպետկով կաթացնեն» այնքան զենք, ինչքան պետք է ու «չկաթացնեն» այնքան զենք, երբ դրա կարիքը չլինի, որպեսզի այդտեղ էլ Հայաստանը հաշվարկված կերպով ծնկի բերվի ու գործի դրվեն այլ սցենարներ»: Միանգամից ասեմ, որ Միրզոյանի ասածը Փաշինյանի իշխանության հայտնի կեղծիքներից մեկն է, և այս խաբեությունը մեջտեղ բերելը մեկ նպատակ ունի՝ հայ ժողովրդի մոտ հակառուսականություն, ՀԱՊԿ-ի հանդեպ անվստահություն, ատելություն սերմանել։

Այն, թե ՀԱՊԿ անդամ լինելը ՀՀ-ին խանգարել է այլ պետություններից զենք գնել, իրականության հետ ոչ մի առնչություն չունի, քանի որ նախկին իշխանությունների օրոք Հայաստանը՝ բացի ՌԴ-ից, ռազմատեխնիկական համագործակցություն է ունեցել նաև մի շարք այլ երկրների` Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի, Չեխիայի, անգամ ՆԱՏՕ-ի անդամ երկրների` Լեհաստանի և Հունաստանի հետ:

Միրզոյանի հայտարարությանն այսպես արձագանքեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը. «Նախկինում էլ արգելված չի եղել այլ պետություններից զենք-զինամթերք գնելը: Մենք ունեցել ենք սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման մի քանի ծրագրեր. ՌԴ-ի հետ ունեցել ենք նաև զարգացման ծրագիր, որը հնարավորություն է տվել էժան գներով ներմուծելու, համատեղ ձեռնարկություններ ձևավորելու, սպառազինության համանպատասախան տեսակների ընտրության համար: Բայց այն ժամանակ էլ մեր պետության հնարավորությունների շրջանակում այլ պետություններից սպառազինություն ձեռք բերելն արգելված չի եղել»: Օհանյանը անդրադառնալով ֆրանսիական «բաստիոններին»` զգուշացրել է. «Մենք ձեռք ենք բերում սպառազինություն, որոնք իրենց չափերով շատ մեծ են, հանկարծ վաղը խնդիր չառաջանա դրանց խոցման հետ կապված հարցերում: Այսինքն պետք է նաև հակաօդային պաշտպանության, ռադիոէլեկտրոնային պայքարի և նաև այլ ծառայությունների հետ համադրված աշխատանք կատարվի»։

Արարատ Միրզոյանի` «պիպետկով կաթացրած զենք» արտահայտությանը անդրադարձավ նաև ՀՀ ՊՆ նախկին փոխնախագահ Արտակ Զաքարյանն իր հարցազրույցներից մեկում. «Միայն Արցախի ՊԲ-ում մինչև 44-օրյա պատերազմը, մեր իշխանության տարիներին պահեստածի մասին եմ ասում, եղել է 250 000 միավոր ռազմամաթերք: Ամբողջ պատերազմի ժամանակ հրետանին ու հրթիռային համակարգներն են հիմնականում մարտերը վարել: Եվ 44 օր դրանք օգտագործելուց հետո, պատերազմի ավարտին էլ բավականին ռազմամթերք է մնացել պահեստներում։ Էլ չասեմ, թե ինչքան ռազմամաթերք է հանձնվել Ադրբեջանին՝ հարավային հատվածում: Նման հայտարարություններով իրենց թույնն են նախկին իշխանությունների հանդեպ թարմացնում, մենք դա հասկանում ենք: Բայց ինչքան կարելի է սուտ ասելով՝ երկիրը վարի տալ: Ասում ենք՝ Սյունիքը լրջագույն վտանգների մեջ է, իսկ սրանք պատասխանում են՝ նախկին, նախկին, նախկին: Մարդիկ հասկանում են, թե նախկին ասելով՝ որն է սրանց նպատակը»:

Ֆրանսիական ռազմատեխնկայի արդյունավետության մասին Արտակ Զաքարյանն ասել է․ «Ես վստահ չեմ, որ դրանով երկրի պաշտպանունակությունը բարձրացրին: Իրենք փիառ են անում, ինչպես ինքնաթիռների փիառն արեցին: Ուզում են ցույց տալ, թե նախկինները չէին անում, տեսեք, ինչ լավ տղերք ենք` մենք արեցինք։ Բայց զենքը ձեռք են բերում, բանակցում են լուռ, լուռ: Նույնիսկ հակառակորդի հետախուզությունը ոչինչ չպետք է իմանա»:

Մինչդեռ քպ-ն դեռ «բաստիոնները» Հայաստան չհասած՝ արդեն լուսանկարներով ողողել էր սոցցանցերը։

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

44-օրյա պատերազմի ժամանակ մեր դեմ պատերազմած երկրներից մեկն էլ Ֆրանսիան էր, որն օգնեց, որ Ադրբեջանն առավելություն ունենա երկնքում, ու դա ապահովվեց շնորհիվ ֆրանսիական ռազմական արբանյակների: Մինչդեռ ի պաշտպանություն Արցախի ու Հայաստանի, Ֆրանսիան, և առհասարակ, հավաքական Արևմուտքը բավարարվեցին ընդամենը հայտարարություններ հնչեցնելով․․․ Ադրբեջանը Արցախի դեմ օգտագործեց զանգվածային ոչնչացման զինատեսակներ` ֆոսֆորային ու կասետային, սակայն Եվրոպան լռեց ու Ադրբեջանի դեմ չկիրառեց պատժամիջոցներ:

Եվ տեղին է մեր մտավախությունը, որ կարող է կրկնվի աղետալի պատմությունը․ հիշենք 1920 թվականը, երբ Հայաստանի մանդատ ունեցող Ֆրանսիան թողեց հայ ժողովրդին թշնամու դեմ միայնակ, դուրս եկավ Կիլիկիայից, ու հայերը երկրորդ անգամ ենթարկվեցին ցեղասպանության։

Արդյո՞ք մեր երկրի համար ճակատագրական պահին նույնը չի կատարվի մեզ հետ նաև այսօր…

Կարինե Գևորգյան