Պուտինը ժամանել է Բելառուս՝ մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Բելառուս՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
ՀԱՊԿ խորհրդի նիստին, որը կանցկացվի ՄինսկիԱնկախության պալատում, կմասնակցեն Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։ Հյուրերին կընդունի 2023 թվականին ՀԱՊԿ-ում նախագահող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Միավորմանը մասնակցող բոլոր վեց պետությունների ղեկավարներից ներկա չի լինի միայն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի նիստի օրակարգում կներառվեն «ՀԱՊԿ անդամների փոխգործակցության հարցերը, ներառյալ հավաքական անվտանգության համակարգի հետագա կատարելագործումը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային արդի խնդիրները»։
Հայաստանը ՀԱՊԿ-ին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության հարցը, իսկ ինքը՝ Փաշինյանը, Լուկաշենկոյին հայտնել է, որ մտադիր չէ գնալ Մինսկ։ Գագաթնաժողովից առաջ կազմակերպության կազմակերպած միջոցառումներին չեն մասնակցել Հայաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարության ղեկավարներ Արարատ Միրզոյանն ու Սուրեն Պապիկյանը։ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանն ասել է, որ չի մասնակցելու դեկտեմբերին կայանալիք ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստին։ Ավելի վաղ Հայաստանը հետ է կանչել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում իր դեսպանին և նորին չի նշանակել։