ԼՂ-ից տեղահանվածների արտագաղթ Հայաստանից չկա, վիճակը կայունացել է. Նիկոլ Փաշինյան

«Մեր քաղաքականությունը ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի ու եղբայրների վերաբերյալ հետևյալն է՝ այն պայմաններում, երբ նրանք օբյեկտիվ հնարավորություն չունենան ԼՂ վերադառնալ, մենք ամեն ինչ պետք է անենք, որ նրանք մնան ՀՀ-ում»,- կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պետք է գոհունակությամբ արձանագրեմ, որ մենք վերլուծում ու տեսնում ենք, որ ԼՂ-ից տեղահանվածների հոսք Հայաստանից չկա, այսինքն արտագաղթի երևույթներ չկան։ Առաջին օրերին կար գնացողների բավականին անհանգստացնող թիվ, բայց մենք ենթադրում էինք, որ շատ դեպքերում, մարդիկ ուղղակի այցելում են հարազատների հրավերով և վերադառնում են»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ իրավիճակը այդ առումով կայունացել է։ Կառավարության ղեկավարը դա կարևոր ազդակ համարեց իրենց կողմից իրականացվող քաղաքականության արդյունքները գնահատելու առումով։

«Թող իմ խոսքերը չմեկնաբանվի այնպես, թե մենք ամբողջութամբ լուծել ենք այդ մարդկանց խնդիրները։ Ինչ-որ իքս պահից ԼՂ-ից բռնի տեղահանվածների ու հայաստանցիների նկատմամբ իրականացվող մեր քաղաքականությունները պետք է դառնան նույնական»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։