40 հազար բռնի տեղահանված արցախցիներ նոյեմբեր-դեկտեմբերին կստանան 50-հազարական դրամները. ովքե՞ր են ցուցակից դուրս

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 23-ի նիստում որոշեց 2 մլրդ դրամ հատկացնել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց առաջնային սոցիալական ծախսերը հոգալու նպատակով: Խոսքը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների համար յուրաքանչյուր անձի 50-հազարական դրամների հատկացման մասին է:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հստակեցրեց, որ այս աջակցությունը հատկացվելու է 40 հազար շահառուի:

«Միջոցառումից կարող են օգտվել 100-հազարական դրամների շահառուները: Միջոցառումից չեն կարող օգտվել նրանք, որոնց բանկային հաշիվներում հոկտեմբերի 2-ի դրությամբ եղել է 2 մլն դրամից ավելի գումար, նրանք, որոնք ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունեցել են սեպտեմբերի 19-ից առաջ, նրանք, որոնք բացակայում են ՀՀ-ից կմ նոյեմբերի 15-ի դրությամբ բնակվում են հյուրանոցներում և հյուրատներում: Աջակցություն տրամադրվում է մեկանգամյա էլեկտրոնային դիմումի հիման վրա, իսկ վճարումներն իրականացվելու են բանկերի միջոցով՝ բացառապես անկանխիկ եղանակով»,-ասաց նախարարը:

Նարեկ Մկրտչյանն անդրադառնալով 40+10 հազար դրամ աջակցության ծրագրին, ասաց, որ հոկտեմբերի համար 99 820 անձի վճարվել է: Նա նշեց, որ հոկտեմբերին բոլորին են հատկացրել, վճարել են առանց դիմումի, իսկ նոյեմբերի համար պետք է լինեն դիմումներ, որպեսզի հստակցվեն հասցեները: «Արդեն սկսել ենք նոյեմբերի համար դիմումներ ստանալ, շուրջ 80 հազար դիմում արդեն ստացել ենք: Մեկ այլ նախագծով խնդրում ենք մեկ մլրդ դրամ, որ սկսենք նոյեմբերի վճարումները: Մինչև 20 հազար հոգու կվճարենք այս նախագիծն ընդունելուց հետո՝ նոյեմբերի համար»,-ասաց նախարարը, հավելելով, որ արդեն իսկ 108 336 անձի վճարվել է 100-հազարական դրամները: