Վրացական կողմը հրաժարվել է քննարկել Ամերիկայի հետ ռազմավարական գործընկերության հետ կապված հարցերը. ԱՄՆ դեսպան

«Վերջերս մենք Վրաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին հրավիրեցինք ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկելու ռազմավարական գործընկերության և ամերիկյան աջակցության ցանկացած հարց: Ցավոք, վրացական կողմը նախընտրեց մերժել այս հրավերը»,- հայտարարել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանը։

Դաննիգանի հայտարարությունը հրապարակվել է ԱՄՆ դեսպանատան պաշտոնական կայքում։

Դեսպանի խոսքով` ԱՄՆ-ը կոչ է անում Վրաստանի կառավարությանը վերահաստատել իր հավատարմությունը եվրատլանտյան ապագային, ինչպես գրված է երկրի Սահմանադրության մեջ:

Դաննիգանը խոր մտահոգություն է հայտնել վրացական կառավարության ընտրության վերաբերյալ, որը երկիրը հեռացրել է եվրատլանտյան ապագայից՝ նկատի ունենալով օտարերկրյա գործակալների մասին վիճահարույց օրենքի վերաներկայացումը, որը լայնամասշտաբ բողոքի ցույցերի պատճառ դարձավ: