Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել վկայակոչել իր գործողությունների հիմքը․ «Փաստինֆո»

Կիրանցում փաստացի անցագրային ռեժիմ է սահմանվել՝ առանց իրավական որևէ հիմնավորման, ասել է թե՝ ոստիկաններն ապօրինի կերպով սահմանափակում են Կիրանցում անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքը։

Ինչպես արդեն նշել ենք՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանին ու պատգամավորներին թույլ չի տրվում մուտք գործել Կիրանց գյուղ՝ հանդիպելու բնակիչների հետ, որոնց նկատմամբ, ի դեպ, այսօր առավոտյան ուժ է կիրառվել։ Ոստիկանները գյուղ թույլ են տալիս մտնել բացառապես գյուղի բնակիչներին։ Մասնավորապես, ոստիկանները պատ են կազմել գյուղի մուտքի մոտ։ Քաղաքացիների՝ ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակմանը ներգրավված են ոստիկանության տարբեր մարզային ստորաբաժանումների աշխատակիցները։

«Փաստինֆո»-ն դիմել է ՆԳՆ-ին՝ պարզելու, թե արդյո՞ք առկա է անցագրային ռեժիմ սահմանելու մասին որոշում, հրաման։ Կառույցից հիշեցրին ՆԳՆ՝ առավոտյան տարածած հաղորդագրությունը, համաձայն որի՝ ականազերծման աշխատանքներ են իրականացվում, իսկ ՆԳՆ-ն ուժեղացված ծառայություն է իրականացնում՝ ականապատ գոտիներ քաղաքացիական անձանց մուտքը թույլ չտալու և նրանց անվտանգությունն ապահովելու համար:

Նկատենք, որ անգամ ոստիկանության հայտարարության մեջ չի եղել, որ արգելվում է այլ անձանց մուտքը Կիրանց, այլ միայն խոսքը գնացել է ուժեղացված ծառայության մասին։ Քաղաքացիների տեղաշարժն արգելվում է դեպի գյուղ եւ ոչ թե ականապատ գոտիներ։

Փաստացի, այսօր ոստիկանությունը գերազանցում է իր լիազորությունները ու սահմանափակում քաղաքացիների սահմանադրական իրավունքը։ Անգամ չի հայտարարվել, թե ովքեր կարող են մուտք գործել գյուղ, ինչ փաստաթղթերի առկայությամբ, որքան ժամանակ է տեւելու ապօրինի անցագրային ռեժիմը։