Փոխվարչապետները համատեղ հանդիպում են ունեցել ԵՄ դեսպանների հետ

Կայացել է փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Տիգրան Խաչատրյանի համատեղ հանդիպումը Հայաստանում հավատարմագրված ԵՄ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ դեսպանների, ինչպես նաև ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնում են, որ հանդիպման սկզբում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքների հասցեագրման նպատակով Կառավարության կողմից իրականացվող միջոցառումները:

Տիգրան Խաչատրյանը անդրադարձել է բռնի տեղահանվածների համար աշխատանքի միջոցով սեփական եկամուտների գեներացման նախապայմանների ստեղծման, ինչպես նաև բնակարանային ապահովման խնդրի արդյունավետ լուծման կարևորությանը` ընդգծելով այդ ուղղություններով ԵՄ պետությունների կողմից աջակցության անհրաժեշտությունը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գործընկերներին ներկայացրել է տարածաշրջանային հնարավոր զարգացումների տարբեր սցենարների համատեքստում Հայաստանին սպասվող հավանական մարտահրավերները, դրանց հաղթահարման ուղիները, ինչպես նաև անդրադարձել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերին:

Փոխվարչապետը մասնավորապես կարևորել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ու ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո մշակված համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը:

Մհեր Գրիգորյանը վերահաստատել է նաև տարածաշրջանում կայուն և տևական խաղաղություն հաստատելու Հայաստանի ցանկությունը և պատրաստակամությունը:

Հանդիպումը շարունակվել է հարց ու պատասխանի ձևաչափով: