ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելությունը ծանրակշիռ գործոն կլիներ ՀՀ անվտանգության ապահովման իմաստով. Մարիա Զախարովա

Հայաստանի ղեկավարության որոշումը ՀԱՊԿ միջոցառումներին չմասնակցելու մասին ափսոսանք է առաջացնում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք չենք կարծում, թե այդ որոշումը համապատասխանում է հայ ժողովրդի շահերին և կնպաստի մեր բարեկամական երկրի անվտանգությանն ու կայունությանը։ Հայ գործընկերները մտադիր չեն արգելակել աշխատանքները կազմակերպության կանոնադրական մարմիններում, խանգարել արդեն համաձայնեցված փաստաթղթերի իրականացմանը։ Ըստ էության, դա Երևանի համար բաց դռներ է թողնում և թույլ է տալիս նրան հետագայում միանալ աշխատանքին։ Մենք հուսով ենք, որ հայ դաշնակիցները  կօգտվեն այդ հնարավորությունից արդեն ոչ հեռու ապագայում»,- նշել է նա։

Զախարովան ընդգծել է՝ Ռուսաստանը համոզված է, որ ՀԱՊԿ-ը կարևոր դեր է խաղալու ներկա պայմաններում տարածաշրջանային կայունության հարցում։ ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին, որի մասին որոշումը նախկինի պես «սեղանին է», բավական ծանրակշիռ գործոն կլիներ Հայաստանի անվտանգության ապահովման համար, ի տարբերություն ԵՄ առաքելության, որը շարունակում է ցուցադրել իր անարդյունավետությունը»,- ասել է նա։