Երևանում մեկնարկել են հայ-գերմանական միջկառավարական բանակցությունները

Երևանում մեկնարկել են երկօրյա հայ-գերմանական համագործակցության զարգացման միջկառավարական բանակցությունները, որոնց համանախագահներն են հայկական կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, իսկ գերմանական կողմից՝ ԳԴՀ տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղար Նիլս Աննենը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ Վահան Քերոբյանը նշել է, որ ԵՄ երկրների մեջ Հայաստանի ամենամեծ առևտրաշրջանառության տեսակարար կշիռը Գերմանիայի հետ է։

«Հայաստանի և Գերմանիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունները տարեցտարի զարգանում են և ընդլայնվում։ Այսպես՝ Հայաստանի առևտրաշրջանառությունը Գերմանիայի հետ, ըստ արտահանող երկրի հատկանիշի, 2023 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 500 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 36․9%-ով», – նշել է Վահան Քերոբյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են կայուն տնտեսական զարգացմանը, կլիմայական փոփոխություններին, վերականգնվող էներգետիկային և էներգաարդյունավետությանը, մասնավոր հատվածի և ֆինանսական հատվածների զարգացմանը, տեխնիկական և մասնագիտական կրթությանն ու ուսուցմանը, Լավ կառավարմանը վերաբերող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: