Միհրան Պողոսյանի փաստաբան Երեմ Սարգսյանը հայտնել է, որ տեղեկություն չունի իր վստահորդի ձերբակալության մասին

Ռուսական թելեգրամյան ալիքները հայտնել են Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի ձերբակալության մասին։ Մասնավորապես Mash թելեգրամյան ալիքը գրել է, որ Միհրան Պողոսյանին կանգնեցրել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները նոյեմբերի 19-ի կեսօրին, Մոսկվայի  Տվերսկայա փողոցում։ «Նրա մոտ փախստականի վկայական է եղել։ Նրա ձերբակալության մասին արդեն տեղեկացրել են Հայաստանի ոստիկանության կենտրոնական ապարատին, առաջիկայում Միհրան Պողոսյանին սպասվում է արտահանձնում: Ընդ որում, նախկինում Պողոսյանին արտաքսելու պահանջը ռուսական կողմը մերժել էր»,- նշել էր Mash թելեգրամյան ալիքը։

ԴԱՀԿ նախկին պետի ձերբակալության մասին լուրերը հայաստանյան իրավապահները չեն մեկնաբանում։ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից նշել են, որ դեռևս տեղեկություն չունեն՝ Մոսկվայում ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի ձերբակալության և առաջիկայում նրա հնարավոր արտահանձնման առնչությամբ։

Գլխավոր դատախազությունը հրաժարվել է մեկնաբանել լուրը։

NEWS.am-ի հետ զրույցում Միհրան Պողոսյանի փաստաբան Երեմ Սարգսյանն ևս հայտնել է, որ ձերբակալության մասին տեղեկություն չունի։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ներգրավվել էր որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել եւ չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետեւանքներ: 2019թ. ապրիլի 3-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն էր ներկայացվել Երեւանի ընդհանուր իրավասության դատարան` Միհրան Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

Նա գտնվում է Ռուսաստանում և այդ երկրից քաղաքական ապաստան է խնդրել: