Ռաշիդ Բեգլարյանն «ընդունել է» իր մասնակցությունը «Խոջալուի ցեղասպանությանը»

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) այս տարվա ամռանը գերեվարված Լեռնային Ղարաբաղի բնակիչ Ռաշիդ Բեգլարյանին համարել է իրենց իսկ իրականացրած «Խոջալուի ցեղասպանության» մասնակից։

Ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակած հաղորդագրությունում ՊԱԾ-ը տեղեկացնում է, որ «ադրբեջանցի ռազմագերիներին և այլ անձանց կտտանքների ենթարկելու, ինչպես նաև խաղաղության և մարդկության դեմ այլ ծանր հանցագործություններ, ռազմական հանցագործություններ կատարելու, հայկական անօրինական ռազմական կազմավորումների գործունեությանը մասնակցելու մեջ կասկածվող Ռաշիդ Արամայիսի Բեգլարյանը ձերբակալվել է Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի 112, 113, 115.2, 279.1 և 318.1 հոդվածների մեղադրանքներով»։

Վեց ամիս ադրբեջանական գերության մեջ գտնվող Ռ. Բեգլարյանը, որին այցելել անգամ ԿԽՄԿ ներկայացուցիչներին չէր թույլատրվում,  հարցաքննության ժամանակ իբրև «տեղեկացրել է, թե մասնակցել է Խոջալուի ցեղասպանությանը 1992 թ. փետրվարին։ Նրա խոսքով՝ համաձայն Խոջալու քաղաքի քաղաքացիական անձանց դեմ հարձակվելու համար Հայաստանի Զինված ուժերի զինվորականների և նրանց հրամանատարության ներքո գործող հայկական անօրինական զինված կազմավորումների կողմից նախապես կազմված պլանի՝ մնացած ադրբեջանցի բնակիչներին խոստանալով անվտանգ անցում Աղդամի շրջան Ասկերանի շրջանով, նա և հայկական զինված կազմավորումների անդամները 1992թ. փետրվարի 22-ին շրջապատել և գնդակահարել են մոտ 200 խաղաղ բնակիչների, որոնց մեծ մասը եղել են կանայք, երեխաներ և ծերեր։ Զոհվածների անձնական իրերի թալանից հետո զինված կազմավորումների անդամները թաղել են նրանց մարմինները Ասկերանի ամրոցի մոտ»։ ՊԱԾ հաղորդագրությունում նշվել է, որ ցուցմունքներ տալու ժամանակ «Ռաշիդ Բեգլարյանը մանրամասն պատմել և տեղում ցույց է տվել, թե որտեղ են կատարվել հանցավոր գործողությունները քաղաքացիական բնակչության նկատմամբ»։