Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը պարզաբանումներ չեն ներկայացրել, թե ինչու չեն մասնակցում ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին․ Սարգիս Խանդանյան

«Ըստ խորհրդարանական վեհաժողովի կանոնադրության, աշնանային նստաշրջանում փաստաթղթեր չեն ընդունվում, ավելի շատ քննարկումների հարթակ է»,- Երևանում ընթացող ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԱՀԿ ԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը։

Նա նշեց, որ պատվիրակությունները, որոնք չեն ժամանել Երևան՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին մասնակցելու պարզաբանումներ չեն ներկայացրել:

«Ես գիտեմ, որ երեկ ՌԴ պատվիրակությունը դիմել է խորհրդարանական վեհաժողովի նախագահին նամակով՝ տեղեկացնելով ընդամենը, որ իրենց պատվիրակությունը չի մասնակցելու այս նստաշրջանին։ Իսկապես չգիտեմ, թե որն է պատճառը, որ ՌԴ պատվիրակությունը չի եկել։ Պատճառներ չեմ տեսնում դրա համար։

Սա նաև հնարավորություն էր ՌԴ պատվիրակության համար գալ, դիրքորոշում ներկայացնել ԵԱՀԿ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Գնահատել դա անհարգալից վերաբերմունք, թե ոչ, եթե պատճառներին ծանոթացած լինեի, ավելի հստակ կպատասխանեի այս հարցին։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի պատվիրակությանը, մի քանի անգամ հարց են բարձրացրել տարբեր ֆորմատներով  իրենց ավտանգության հետ կապված։ Մենք խորհրդարանական վեհաժողովին արձագանքել ենք՝ ասելով, որ ԱԺ-ն պատրաստ է ապահովել պատգամավորների անվտանգությունը, բայց չեն եկել։

Ինչ վերաբերում է Թուրքիային, որևէ տեղեկություն չունեք»,- ասաց Խանդանյանը։

Նա նշեց, որ բոլոր 56 երկրների և 11 գործընկեր երկրների խորհրդարաններին հրավերներն ուղարկվել են։