Մարգարայի անցակետի կառուցումը կարող է ավարտվել հաջորդ շաբաթ. ՊԵԿ նախագահ

Մարգարայի անցակետի կառուցումը կարող է ավարտվել հաջորդ շաբաթ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

«Անցակետը գրեթե պատրաստ է, միգուցե, մյուս շաբաթվա ընթացքում արդեն պատրաստ լինի, գրեթե աշխատանք չի մնացել»,- ասաց նա։

Բադասյանի խոսքով՝ որակի մասով հսկողություն է իրականացվում։

Նա պարզաբանեց, որ Մարգարայի անցակետի կառուցման համար մեկ անձից են գնում կատարել, որովհետև շտապողականության հարց է եղել, կարճ ժամկետում պետք է ավարտեին աշխատանքները։

ՊԵԿ նախագահը վստահեցրեց, որ մեկ անձից գնումը կոռուպցիոն ռիսկեր չի պարունակում։

Բադասյանի խոսքով՝ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման դեպքում բեռնատարների երթևեկության մասով համաձայնություն չի էլ եղել:

«Իհարկե, այդտեղ կա թե՛ դրական կողմ, թե՛ կարող է լինել որոշակի բացասական բայց, բնականաբար, բաց սահմաններ ունենալը շատ ավելի լավ է, քան փակ սահմաններ ունենալը. դա աքսիոմատիկ ճշմարտություն է»,- նկատեց ՊԵԿ նախագահը։