Երբեք որևէ թուղթ երկրի անվտանգություն չի երաշխավորել

Ոչ թե 101 հազար և ավելի, այլ մենք պետք է խոսենք 150 հազար և ավելի արցախցիների մասին, որովհետև փաստացի Արցախը ամբողջությամբ հայաթափված է:

Այս մասին այսօր խորհդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

«Այս թվերը չափազանց կարևոր են, որ նաև միջազգային հանրությանը ճիշտ պատկեր փոխանցվի:

Ակնհայտ և միանաշանակ է, որ Արցախի Հանրապետության պետական մի շարք ինստիտուտներ առաջին հերթին ժողովրդի սուբյեկտայնությունը մատնանշող և նրա ներկայացուցչական բարձրագույն մարմինը ու այն ներկայացնող ԱԺ-ն, նախագահը, արտաքին քաղաքականություն ներկայացնող գերատեսչությունը և բազմաթիվ այլ պետական հաստատություններ, իհարկե, պետք է գործեն»,- ասել է նա:

Հարցին, թե Ադրբեջանի հրաժարումը վաշինգտոնյան հանդիպումից ինչո՞վ է հղի՝ պատգամավորն արձագանքեց՝ պատերազմով։

«Երբ Փաշինյանը խոսում էր խաղաղության դարաշրջանի մասին, երբ իրենց պատվիրակները Բրյուսելում խոսում էին խաղաղության մասին, այդ նույն պահին տեղեկություն եկավ, որ Ադրբեջանը 1,2 միլիարդ դոլարի զենքի գնման պայմանագիր է կնքել։

Ինչքան էլ ասես հալվա՝ բերանդ չի քաղցրանա, երբեք որևէ թուղթ երկրի անվտանգություն չի երաշխավորել։ Երկրի անվտանգությունն ապահովում է  պաշտպանունակ բանակը և ճկուն դիվանագիտությունը», – նշեց ընդդիմադիր պատգամավորը։