«3+2» ձևաչափը անվտանգության առաջնահերթություն է․ Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ-ը արձագանքնել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛ Բրայանի հայտարարություններին՝ խոսելով Իրանով դեպի Նախիջևան ճանապարհի մասին։

Ադրբեջանի ԱԳՆ-ը, մասնավորապես, հայտարարել է.

«Ամերիկյան կողմին քաջ հայտնի է, որ Հայաստանի կողմից 2020թ․ նոյեմբերի եռակողմ հայտարարության 9-րդ կետից բխող պարտավորությունները չկատարելն է ստիպել Ադրբեջանին՝ որոշել այլընտրանքային ճանապարհներ կառուցել։

Հարևան պետությունների հետ կապի երթուղիների անցկացման ընթացակարգի համակարգումը, ներառյալ՝ Նախիջևանի ԻՀ տանող ճանապարհի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագիրը, Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է։

Այս ֆոնին Ադրբեջանը ևս մեկ անգամ հաստատում է, որ «3+2» ձևաչափը (Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա-Ռուսաստան-Իրան) անվտանգության առաջնահերթություն է տարածաշրջանի համար։ Այս առումով, ցանկացած մեկնաբանություն, որը խաթարում է խնդրո առարկա ջանքերը, տեղին չէ»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովում նոյեմբերի 15-ին անցկացվել է «Լեռնային Ղարաբաղի ապագան» խորագրով լսումներ, որին մասնակցել են ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օգնական ղեկավարի տեղակալ դոկտոր Ալեքսանդր Սոկոլովսկին։ Լսումների ընթացքում, ի պատասխան կոնգրեսականների, ԱՄՆ գործադիր իշխանության ներկայացուցիչը հայտարարել է` ներկայումս պետդեպարտամենտը չի նախատեսում ԱՄՆ Ազատության աջակցության ակտի՝ 1992թ ընդունված 907-րդ հոդվածի շրջանցում։